4 փետրվարի 2010 - 15:00 AMT
Հայաստանում Microsoft-ի կորուստները հասնում են 50 մլն դոլարի


Ամեն տարի Microsoft ընկերությունը 8- 50 մլն դոլար է կորցնում հայկական շուկայում ծրագրային ոչ լիցենզավորված արտադրանքի պատճառով: Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքերով, այդ գումարի շուրջ 30% կազմում են պետության եւ հեղինակային իրավունք ունեցող կազմակերպությունների կորուստները: Նախորդ տարվա վերջում, Microsoft ընկերությունը ներկայացրել է ոչ լիցենզավորված ծրագրերի պատճենների դեմ պայքարի ծրագիրը: «Այդ ծրագիրը լուրջ քննարկումների թեմա դարձավ էկոնոմիկայի նախարարությունում, որոնց արդյունքում ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողովը», - հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Գրիգոր Բարսեղյանը:

Նրա խոսքերով, հանձնաժողովը քննարկում է օրենսդրության մեջ գոյություն ունեցող խնդիրները, միջազգային համագործակցության եւ հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերվող հարցերը: Ընկերության տվյալներով ՀՀ պետկառույցներօ համակարգիչների միայն 30%-ն ունի լիցենզավորված ծրագրային ապահովում:

Մինչդեռ, համաձայն Business Software Alliance եւ IDC Global Software ամերիկյան ծրագրային ապահովությամբ զբաղվող ընկերությունների ուսումնասիրությունների, 2009 թ-ին Հայաստանը ճանաչվել է ոչ լիցենզավորված արտադրանքի խոշորագույն սպառողներից մեկը` Վրաստանի, Բանգլադեշի եւ Զիմբաբվեի հետ մեկտեղ: Ոչ լիցենզավորված պատճեններն այդ երկրներում գերազանցում են 90%-ը: