26 հունվարի 2010 - 19:54 AMT
Թուրքիան վճռական է տրամադրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում


Թուրքիան ցանկանում է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգանա ստորագրված Արձանագրությունների ոգով: Այդ մասին NTV լրատվական հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնեց Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն: Նրա խոսքով, Թուրքիան վճռական է տրամադրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, քանի որ «նա ունի իր նպատակը, եւ մենք թույլ չենք տա այն ամլացնել»:

Դավութօղլուն մատնանշեց նաեւ առանց կարգավորման գործընթացին վնասելու այն շարունակելու կարեւորությունը: Նրա խոսքով, թուրքական կողմն այդ գործընթացը սկսում էր` տեսնելով դրա հեռանկարները եւ չի նահանջում դրանից:

Ինչպես նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը, գործընթացի իրականացմամբ Անկարան երեք նպատակ է հետապնդում` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատում, ազատում թուրք եւ հայ ժողովուրդների նախապաշարմունքներից եւ Կովկասում կայունության ապահովում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին` Դավութօղլուն նկատեց, որ դրանում առաջընթաց կա:

Թուրքիայի ԱԳ նախարարի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը բարդ գործընթաց է եւ հակամարտության արագ լուծումն անհնար է: «Ամենաճիշտ ճանապարհը խնդիրը կարգավորել փորձելն է, այլ ոչ թե այն «սառեցված» թողնելը»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:

«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: