4 փետրվարի 2010 - 14:01 AMT
Երեւանում քննարկում են ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության հայեցակարգը


Երեւանում բացվել է «Հարավային Կովկասի երիտասարդական ֆորում: ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության հայեցակարգը. ո՞րն է մեր դերը» միջազգային համաժողովը: «Հայկական Ատլանտյան Ասոցիացիա» ՀԿ հրավերով միջոցառմանը կմասնակցեն հեղինակավոր փորձագետներ եւ ուսանողներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Թուրքիայից:

Բացելով համաժողովը, «Հայկական Ատլանտյան Ասոցիացիայի» գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը նշել է, որ համաժողովը կօգնի երիտասարդությանը քննարկել ՆԱՏՕ-ի ռազմավարության նոր հայեցակարգը եւ որոշել սեփական դերը ընդհանուր ապագայի ստեղծման մեջ: «Ինչպես ենք մենք պատկերացնում մեր ապագան: Մենք համագործակցելու ենք, թե՞ հավերժ վիճելու ենք իրար հետ: Երկու օրերի ընթացքում մենք կփորձենք քննարկել առաջարկություններն այդ ուղղությամբ», - ասել է Թեւան Պողոսյանը:

Համաժողովն իրականացվում է Նորվեգիայի ատլանտյան կոմիտեի (ԴՆԱԿ) օժանդակությամբ:

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության հայեցակարգը կներկայացվի 2010 թ-ի աշնանը` Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) կազմավորվել է 1949թ.: ՆԱՏՕ-ի նպատակը, դաշինքի պաշտոնական փաստաթղթերի համաձայն, կայանում է իր անդամ պետությունների հավաքական պաշտպանության մեջ, սակայն 90-ականներին Եվրոպայում կատարված փոփոխություններից հետո ՆԱՏՕ-ի բլոկն իրեն հիմնարար ուժ հռչակեց ողջ Եվրոպայում անվտանգության ընդլայնման գործընթացում եւ կայունության երաշխավոր:

Նախապես այդ բլոկի մեջ մտնում էին Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Իտալիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որը 1961-2009թթ. շրջանում դուրս էր եկել բլոկի ռազմական կազմակերպությունից:

1952թ. ՆԱՏՕ-ի շարքերը համալրեցին Թուրքիան եւ Հունաստանը, 1955-ին` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, 1982-ին` Իսպանիան, 1999-ին` Հունգարիան, Չեխիան, Լեհաստանը, 2004-ին` Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Ռումինիան, Սլովենիան եւ Բուլղարիան, 2009-ին` Ալբանիան ու Խորվաթիան:

Այդ բլոկի գլխավոր հարվածային ուժերը եղել են (եւ մինչ օրս մնում են) ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի բանակները:
Բլոկը ձեւավորվեց «խորհրդային ռազմական սպառնալիքին» հակազդելու համար, ԽՍՀՄ ազդեցության ոլորտների ընդլայնումը թույլ չտալու համար: ՆԱՏՊ զինված ուժերի ընդհանուր թիվը 2008թ. վերջի դրությամբ կազմում էր մոտ 3,6 մլն մարդ: Պաշտպանության վրա ընդհանուր ծախսերը հասնում էին 895 մլրդ դոլարի, այդ թվում` 300 մլրդ Եվրոպայի երկրների համար եւ 575 միլիարդ ԱՄՆ համար: ՆՀԱ նկատմամբ տոկոսներով ՆԱՏՕ-ի ծախսերը կազմում էին 2,6%, ընդ որում` ԱՄՆ-ի դեպքում այդ ցուցանիշը 4% էր, Եվրոպայի երկրների մոտ` 1,7%: 1994 թվականից ՆԱՏՕ-ն իրականացնում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը` համագործակցություն 23 եվրոպական երկրների ու Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ, որոնք կազմակերպության անդամ չեն:

2001-ին Աֆղանստանի տարածքում տեղակայվեցին Անվտանգության ապահովման միջազգային ուժերը (ISAF):
2008թ. աշնանը ISAF քանակությունը կազմեց մոտ 50 հազ. մարդ; առաքելությանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի 26 եւ 15 այլ երկրներ: