26 հունվարի 2010 - 20:26 AMT
Նիկա Գիլաուրի. «Ռուսաստանը պետք է վերացնի իր դրած սահմանափակումները»


«Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններում մեծ է Մոսկվայի դերը, քանի որ նա մի շարք ոլորտներում սահմանափակումներ է մտցրել», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Գիլաուրիի խոսքերի համաձայն, Վերին Լարսի ՀԱԿ-ի բացումը շահավետ է Հայաստանի համար, սակայն այդ սահմանափակումը Ռուսաստանը պետք է վերացնի:

Վերին Լարս` Հյուսիսային Օսիայում Վրաստանի ռազմական ճանապարհին ռուս-վրացական սահմանի շրջանում տեղակայված ռուսական հսկիչ անցագրային կետ: Այս ՀԱԿ-ում տիրող իրավիճակը բազմաթիվ անգամ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բախումների առիթ է տվել: Առավել լուրջ հակամարտություն սկսվեց 1990-ականներին` կապված ռուսական սահմանային միջոցառումների հետ, որոնք խոչընդոտում էին Վրաստանից Ռուսաստան անօրինական սպիրտի տեղափոխումը: Վրացական կողմը սովորաբար յուրաքանչյուր գործողություն ընդունում է որպես քաղաքական ճնշում:

Վերին Լարսի անցագրային կետը փակվել էր 2006 թ. հուլիսի 8-ին: Հյուսիսային Օսիայի բնակիչները, որոնք ծագումով Վրաստանի Կազբեկի շրջանից են եւ Վերին Լարսի այդ հատվածում ունեն ազգակցական կապեր ու տնտեսություններ, զրկվել են սահմանն անցնելու հնարավորությունից:

2009 թ. մայիսի 5-ին ավարտվեց Հյուսիս Օսիայի մաքսակետի Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցագրային կետի շինարարությունը: ՀԱԿ-ի բացումը նախատեսված է ավարտել 2010 թ. մարտի 1-ին: