4 փետրվարի 2010 - 13:39 AMT
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մտադիր է լրացուցիչ միջոցներ ներդնել Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում


«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պատրաստվում է լրացուցիչ միջոցներ ներդնել Հայաստանի «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբիանատ» ՓԲԸ-ում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: «Ներդրումների ծավալներն առայժմ ճշգրտվում են եւ վերջնական գումարը հայտնի կդառնա հարստացման գործարանի վերակառուցումից հետո, որի ավարտը պլանավորվում է մոտավորապես երկու տարվա ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վերջին շրջանում պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գները սկսել են աճել, ինչը զգալիորեն ավելացրել է ընկերության շահույթը, եւ որի շնորհիվ ընկերությում ներդրումների իրականացումը առավել հեռանկարային է դարձել: Ներդրումներից մեկը 2009 թվականին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 14 միլիոն դոլար վարկի տրամադրումն էր: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը ԱՊՄԿ-ին բյուջետային վարկ տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունեց` մարման 4 տարի ժամկետով: Գումարը տրամադրվեց Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված 500 միլիոն դոլար կայունացման վարկի շրջանակներում:




Կառավարության կողմից տրամադրված վարկը նախատեսվում էր ներդրումային ծրագրի իրականացման համար, որը ներառում էր տեխնիկայի ձեռքբերումը եւ գործարանի վերակառուցումը: Վարկի միջոցների մի մասը օգտագործվեց հանքարդյունաբերական մեքենաներ գնելու համար, որոնք արդեն ներմուծվել են եւ շահագործվում են, մասնավորապես` գնվել են 55 տոննա հզորությամբ ԲելԱզ մակնիշի 5 ինքնաթափեր: 2009թ վերջին ձեռք բերվեցին նաեւ ,ԲելԱզե մակնիշի անվավոր բեռնող մեքենա եւ երկու ՏԿ անվավոր տրակտոր, եւ մեկ տրակտոր` բուլդոզերային փխրեցնող սարքավորումներով: Հանքարդյունաբերական տեխնիկայի գնումը եւ գործարանի վերակառուցումը կոմբինատի հակաճգնաժամային ծրագրի իրականացման բաղկացուցիչ մասն են կազմում, որն ուղղված է արդյունահանման ծավալների մեծացմանը եւ ձեռնարկության արտադրանքի մրցունակության բարձրացմանը:

Գումարի մուս մասը օգտագործվեց ֆլոտացիոն սարքավորումների գնման համար 2010թ սկզբին: Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում երկար տարիներ շահագործվող տեխնիկան բարոյապես եւ ֆիզիկապես մաշվել էր, քանի որ կոմբինատում ստեղծման պահից լուրջ միջոցներ չէին ներդրվել, որի հետեւանքով ծախսերը մշտապես աճում էին: Նոր հանքարդյունաբերական տեխնիկայի ձեռքբերման շնորհիվ հնարավոր կդառնա մեծացնել հանքաքարի արդյունահանման ծավալները եւ բարձրացնել հանքավայրի շահագործման արդյունավետությունը: ՀՀ կառավարության կողմից տրամադրված վարկի գումարն ամբողջությամբ պլանավորվում է յուրացնել 2010 թվականին: 2009 թ. դեկտեմբերի 1-ից ընկերությունը արդեն սկսել է բյուջետային վարկի տոկոսադրույքները վճարել:

Հաշվի առնելով ծրագրի մասշտաբայնությունը, ԳեոՊրոՄայնինգ Գրուպը պլանավորում է վերակառուցման գործընթացն ավարտել 2011 թվականին: Վերակառուցումը կընթանա առանց արտադրական պրոցեսների կանգնեցման: Կշարունակվի սարքավորումների հետագա փոխարինումը նոր սարքավորումներով, որոնք արդեն գնվել են եւ ներկայումս գտնվում են մաքսազերծման ձեւակերպումների փուլում:

2009թ-ի երկրորդ կիսամյակում Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը վերամշակել է մոտ 1.3 միլիոն տոննա հանքաքար, ինչը 5 տոկոսով առավել է 2008թ-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշից: Ընկերության կանխատեսումների համաձայն հանքարդյունահանման եւ վերամշակման ծավալները ընթացիկ տարում կավելանան մինչեւ 3-3,5 միլիոն տոննա:

«ԳեոՊրոՄայնինգ Գրուպ» ընկերությունը «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի» արժեթղթերը ձեռք բերեց 2007թ դեկտեմբերին: ԳեոՊրոՄայնինգ Գրուպը մասնագիտանում է մետաղական հանքաքարի (պղինձ, մոլիբդեն, սյուրմա) եւ թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման եւ հարստացման աշխատանքներում: Ընկերությունը ունի արտադրության եւ շուկայի դիվերսիֆիկացված կառուցվածք:

Ընկերության հանքավայրերը եւ լեռնա-հարստացուցիչ գործարանները գտնվում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Վրաստանի եւ Վիետնամի տարածքներում: