27 հունվարի 2010 - 13:24 AMT
ՀՀ ՊՆ. Հայկական բանակն ամենամարտունակներից է տարածաշրջանում


Հայաստանի Զինված ուժերի 18-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը պարգեւներ է շնորհել ԶՈւ սպայական կազմին: Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարությունում, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի (ԼՂՀ) Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը եւ այլ պաշտոնյաներ:

«18 տարի առաջ մենք նույնիսկ պատկերացնել չէինք կարող, որ կունենանք նման հզոր մատունակ բանակ: Այն ժամանակ մենք պատերազմական վիճակում էինք: Մեր բանակը, Արցախյան պատերազմից մինչ օրս պատվով է կատարում իր առջեւ դրված խնդիրները»,-ասել է Սեյրան Օհանյանը: Նա պատմել է հայկական բանակի կայացման ու զարգացման մասին:

«Հայկական բանակն ամենամարտունակներից է տարածաշրջանում: Մենք հաղթանակած բանակ ենք եւ խաղաղության կողմնակից: Սակայն, հակառակորդի ռազմատենչ հայտարարությունները ստիպում են մեզ առավել զգոն լինել: Մենք շարունակում ենք զարգանալ, հակազդելու համար բոլոր մարտահրավերներին»,-ասել է Օհանյանը:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ռազմա-օդային ուժերից, հակա-օդային պաշտպանությունից եւ սահմանապահ զորքերից: Զինված ուժերի հրամանատարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, պաշտպանության նախարարը` Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետն է Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարարությունը ստեղծվել է 1992թ. հունվարի 28-ին:

1992թ. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: 1992թ. հուլիսից Հայաստանը Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի անդամ է: Պայմանագրով սահմանափակում է մտցվում սովորական սպառազինութայն այնպիսի տեսակների վրա, ինչպիսիք են տանկերը, հրետանին, զրահատեխնիկան, մարտական ինքնաթիռները եւ ուղղաթիռները, եւ նախատեսում է սահմանափակել զորքերի քանակը:

1991թ-ից կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (Նախարարների խորհրդին կից): 1992թ. հունվարի 28-ին կայացվեց պատմական որոշում` «ՀՀ պաշտպանության մասին», որով օրինականացվեց Հայոց ազգային բանակի ստեղծումը: