27 հունվարի 2010 - 14:47 AMT
ԵԽԽՎ նոր նախագահը մտադիր է այցելել Հայաստան


«Դեռեւս մինչ իմ ընտրվելը Վեհաժողովի նախագահի պաշտոնում ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ենթակոմիտեի վերականգնման հարցն արդեն օրակարգում էր»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդաի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մովլուդ Չավուշօղլուն: Ըստ նրա, այդ հարցը քննարկվել է նաեւ Վեհաժողովի դեկտեմբերին կայացած վերջին նիստում: «Սակայն, մեկ անգամ էլ նշեմ, որ ղարաբաղյան հակամարտությամբ առավելապես զբաղվում է ԵԱՀԿ-ն: Նպաստելու համար այդ խնդրի լուծմանը, հարկավոր է վերականգնել ենթակոմիտեն»»-ասել է նա:

Ընդ որում, մեկնաբանելով այն հարցը, թե հանդիպելու է նա արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ, Չավուշօղլուն ասել է.«Բնականաբար, ես ցանկանում եմ ոչ միայն հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ, այլ նաեւ այցելել այդ երկրներ, քանի որ անհրաժեշտ է վերականգնել կառուցողական երկխոսությունը»: Նա նաեւ նշել է, որ հագեցած ժամանակացույցի պատճառով դեռ չգիտի, թե երբ է տեղի ունենալու հանդիպումը: «Եթե հիմա չստացվի, ես կհանդիպեմ պատվիրակությունների ղեկավարների հետ առաջիկա նստաշրջանների ժամանակ: Նշեմ, որ նման հանդիպումներ նախկինում եւս տեղի են ունեցել»,-ասել է Չավուշօղլուն, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-ը (ԵԽԽՎ)` Եվրոպայի խորհրդի կանոնադրական երկու մարմիններից մեկն է; խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: ԵԽԽՎ-ն Եվրոպայի հնագույն միջխորհրդարանական համագործակցության մարմին է: ԵԽԽՎ-ի անդամները նշանակվում են անդամ երկրների խորհրդարանների կողմից: Հինգ առավել խոշոր պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԵԽԽՎ-ում ներկայացված են 18 անդամներով: Նվազագույն ներկայացուցչությունը` 2-ական պատգամավոր յուրաքանչյուր պետությունից: Ազգային պատվիրակությունը պետք է ընդգրկի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին,եւ պետք է համապատասխանի տղամարդկանց եւ կանանց հավասար ներկայացվածությունը: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին անդամակցում է 318 անդամ եւ 318 «տեղակալ»:

Նստաշրջաններին մասնակցում է նաեւ 18 դիտորդ` Կանադայի, Մեքսիկայի եւ Իսրայելի խորհրդարաններից: Նմանատիպ իրավունքներից օգտվում է Կիպրոսի թուրքական համայնքի երկու ներկայացուցիչ, որոնք ընդգրկված են Կիպրոսի հանրապետության պատվիրակությունում: Բելառուսի խորհրդարանը 1997 թ-ն ժամանակավոր զրկվել է «հատուկ հյուրի» կարգավիճակից եւ ներկայացված չէ նստաշրջանում: ԵԽ նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Վեհաժողովի ամեն նստաշրջանում:

Վեհաժողովը գլխավորում է պաշտոնապես մեկ տարով ընտրվող նախագահը (ներկայումս` Լուիս Մարիա դե Պուչը, Իսպանիա): Գործնականում նախագահի պաշտոնը փոխանցվում է ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից (խմբակցությունից) մյուսին յուրաքանչյուր երեք տարին մեկ, այսինքն նախագահի իրավասությունները հաստատվում են երեք տարվա ընթացքում ոչ այլընտրանքային հիմքի վրա: Վեհաժողովը ընտրում է նաեւ նախագահի տեղակալներ, ներկայումս նրանց թիվը 20-նն է:


Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: