3 փետրվարի 2010 - 21:11 AMT
Յոսի Սարիդ. Բոլորն անհամբերությամբ սպասում են Թուրքիայի «մութ անցյալի» բացահայտմանը


«Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու ժամանակակից Թուրքիան, ում ձեռքերը թաթախված չեն արյունով, այդպես համառորեն պաշտպանում է իր նախնիներին»,- գրում է Իսրայելի Կնեսսետի նախկին պատգամավոր, Իսրայելի կրթության նախկին նախարար Յոսի Սարիդը իսրայելական Haaretz թերթում:

Սարիդի կարծիքով, փորձագետներն անհամբեր սպասում են Թուրքիայի «մութ անցյալի» քողազերծմանը, որ մեկ միլիոնից ավելի զոհեր է թաքցնում: Յոսի Սարիդը նաեւ գրում է, որ այն բաննից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատեց Իսրայելին, «իսրայելցի մի կարեւոր անձնավորություն» զանգահարեց իրեն ու ասաց հետեւյալը. «Այժմ դու պետք է թուրքերին պատասխան տաս, դատապարտես նրանց` հայերի հանդեպ նրանց գործած հանցանքների համար»:

«Նրանք, ովքեր երբեք բառ չեն ասել XX դարի առաջին ցեղասպանության մասին, հանկարծ հիշեցին այն: Իմ պատասխանը զայրացած զանգահարողին այսպիսին էր. «Հի՞մա միայն հիշեցիր: Միայն հի՞մա հիշեցիր, երբ նրանք ձեզ վերագրում են հանցանքներ, ասես դուք եք թուրքերը: Ես չեմ հավատում պատասխանատվության հավասար բաշխմանը, այնպես որ ինքներդ գործ ունեցեք Էրդողանի հետ, դուք արժանի եք նրան: Որքան տխուր է, որ դուք զիջեցիք բարոյական դիրքերը այլ շահերի համար, որ գալիս են ժամանակի հետ ու նույն կերպ գնում»,- իր հոդվածում հիշում է Յոսի Սարիդը:

Նախկին նախարարն ընդգծում է, որ այսօր Երուսաղեմում նոր տրամադրություններ են նկատվում` թուրքերը վերջինն են, ովքեր իրավունք ունեն Իսրայելին էթիկա սովորեցնել:

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:
Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Times-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: