27 հունվարի 2010 - 16:27 AMT
Իտալական ընկերությունները հետաքրքրված են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը 2010 թ. հունվարի 26-ին ընդունեց Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաուլո Ռոմանիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Նախարարը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում Իտալիայի հաջողված փորձի կիրառումը Հայաստանում կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, հեռուստա-ռադիոհեռարձակման թվայնացմանը, ինտերնետ հասանելիությանը, երկաթուղուն, ճանապարհաշինարարությանը:

Պ. Ռոմանին նշել է, որ Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համար ստեղծված են բոլոր պայմանները, որ Իտալիայում կան ճանապարհաշինարարության ոլորտում հայտնի խոշոր ընկերություններ, որոնք կմասնակցեն <b>«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու</b> կառուցման համար հայտարարվելիք միջազգային մրցույթին: Փոխնախարարը չբացառեց իտալական ընկերությունների մասնակցությունը նաեւ Հայաստանում երկաթուղային շինարարությանը:

2010 թ. հունվարի 15-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը, որը հաշվարկված է մինչեւ 2017 թ.:

Ասիական բանկը այդ նպատակով երկրին է տվել 500 մլն դոլարի չափով վարկ: Ամբողջ ծրագիրը կարող է հասնել մինչեւ 1,5 մլրդ դոլար: Իրանի բանկերը նույնպես պատրաստակամություն են հայտնել ավտոմայրուղու առանձին հատվածները ֆինանսավորելու: Այդ նոր ավտոմայրուղու շնորհիվ Հայաստանը կարող է մեծ դեր խաղալ տարածաշրջանում որպես տարանցիկ երկիր եւ միանալ Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն: