27 հունվարի 2010 - 17:31 AMT
Ռուսաստանն առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերում Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում


Տարվա սկզբին Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական աշխատանքային իմպուլս կտա ողջ տարվա համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Եվրոասիայի գծով International Alert նախագծերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան: Նրա խոսքով, այն, որ երկու երկրների նախագահները պատասխանատվություն ստանձնեցին մոտ ապագայում առաջարկներ ներկայացնել կարգավորման այն հարցերի վերաբերյալ, որոնք դեռեւս համաձայնեցված չեն, կարելի է դիտարկել որպես քայլ առաջ: «Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծումը կախված է հակամարտող կողմերի կամքից եւ փոխընդունելի լուծումներ որոնելու նրանց պատրաստակամությունից: Դա արտահայտվեց եւ ընդգծվեց Սոչիում կայացած հանդիպման արդյունքում: Թե արդյոք իրականում գոյություն ունի խնդրի լուծումը գտնելու նման կամք ու պատրաստակամություն, պարզ կլինի այն բանից հետո, երբ նախագահներն առաջարկեն իրենց գաղափարներն ու ձեւակերպումները»,- ասաց Դեսիսլավա Ռուսանովան:

Նրա կարծիքով, Ռուսաստանը վերջին մեկուկես տարվա ընթացքում առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերում Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում: «Ոչ ոք չի վիճաբանում այն փաստը, որ Ռուսաստանը Հարավային Կովկասն ավելի լավ է ճանաչում ու հասկանում, քան տարածաշրջանում մնացած արտաքին գործոններից յուրաքանչյուրը : Հասկանում է հակամարտող կողմերի մտածելակերպը, յուրահատուկ աշխարհայացքը: Ռուսաստանն այդ իմաստով առավելություն ունի, որը չունեն շատերը: Այն փաստը, որ պաշտոնական Բաքուն ու պաշտոնական Երեւանը մշտապես նշում են, որ շատ բարձր են գնահատում Ռուսաստանի դերը խաղաղապահական գործընթացում, միանշանակ խոսում է գործընթացում նրա անվիճելիորեն կարեւոր տեղի մասին: Բայց կարեւոր է նաեւ այն, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում պաշտոնական Մոսկվայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ չի կարելի արտաքինից կարգավորման բաղադրատոմսեր հրամցնել: Թե պաշտոնական, թե' ոչ պաշտոնական մակարդակով ռուսական կողմը հայտարարել է, որ պատրաստ է օգնել, սակայն խնդրի լուծումը հայերի ու ադրբեջանցիների ձեռքում է: Դա ընդգծվեց նաեւ Սոչիում կայացած հանդիպմանը»,- նշեց Դեսիսլավա Ռուսանովան:

Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

International Alert-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որն աշխատում է աշխարհի ավելի քան 20 երկրներում: Աշխատանքի հիմնական ուղղությունը հակամարտությունների լուծումն է եւ հետհակամարտական պայմաններում մարդկանց օգնելը: Կազմակերպությունը գործում է ԵՄ եւ ՄԱԿ հետ համատեղ եւ իր քաղաքականությունը ձեւավորում է կայուն աշխարհ կառուցելու գործնական քայլերի հիման վրա: