27 հունվարի 2010 - 18:19 AMT
Հայ-թուրքական հարաբերությունները մեկ օրում կարգավորել հնարավոր չէ


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր է տարածաշրջանում տիրող անկայունության եւ մեկուսացման տիրող պայմաններում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է Երեւանում International Alert ծրագրերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան: Նրա խոսքերի համաձայն, դա փուլային ծրագիր է: «Շատ չլուծված հարցեր եւ տագնապներ կան տարածաշրջանում եւ սպասել, որ գործընթացն արագ առաջ կընթանա, այն էլ առանց խնդիրների, անհնար է: Գոյություն ունեն չլուծված հարցեր, տարածաշրջանի սահմանների մեծ մասը փակ է... Բոլոր փոխհարաբերությունների կարգավորումը երկար ու դժվարին գործընթաց է: Այնուամենայնիվ, Հարավային Կովկասում դեռեւս չլուծված հարցերի կարգավորումն անհրաժեշտ է եւ, առաջին հերթին, հենց Հարավային Կովկասին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ծավալուն եւ բարդ գործընթացի մի մասն է: Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բոլոր հարցերը մեկ օրում հնարավոր չէ լուծել, սակայն այդ հարաբերությունների կարգավորման միտումը նկատելի է», - ասել է Դ. Ռուսանովան:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

International Alert ոչ կառավարական կազմակերպություն է, որն աշխատում է աշխարհի 20 երկրներում: Աշխատանքների հիմնական ուղղվածությունը հակամարտությունների լուծումն է եւ հակամարտության իրավիճակներում հայտնված մարդկանց ցուցաբերած օգնությունը: Կազմակերպությունը գործում է ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի հետ, միեւնույն ժամանակ կերտում է իր քաղաքականությունը կայուն աշխարհ կառուցելու ճանապարհին: