27 հունվարի 2010 - 18:23 AMT
Երեւանում հարգեցին Հոլոքոստի զոհերի հիշատակը


Հունվարի 27-ին Երեւանում Հայաստանի Հրեական համայնքը (ՀՀՀ) հարգեց Հոլոքոստի զոհերի հիշատակը: ՀՀՀ ներկայացուցիչները պսակ դրեցին Հոլոքոստի զոհերի հուշարձանին եւ մոմեր վառեցին` սգալով անմեղ զոհերի համար:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան համայնքի անդամները, ինչպես նաեւ նախագահ Ռիմմա Վարժապետյանը, որը նշեց, որ անհրաժեշտ է հիշել հրեական ժողովրդի մեծ ողբերգության մասին, որի ժամանակ 6 միլիոն մարդ է զոհվել:

Հոլոքոստը գերմանական նացիստների ու այլ երկրներից կոլաբորացիոնիստների կողմից նացիզմի միլիոնավոր զոհերի համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրենությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին:

Շոան Եվրոպական հրեայության աղետն է` հրեաների կողմից եբրայերենով ու ավելի հազվադեպ` որոշ այլ լեզուներում օգտագործվող տերմին է` հրեական էթնոսի լայնազանգված ոչնչացման` գերմանական նացիստների քաղաքականությունը սահմանելու համար: Իսրայելի Յադ վա-Շեմ Աղետի ու հերոսության Ինստիտուտի չափանիշներով, Շոայի զոհ են համարվում նրանք, ովքեր «բնակվում էին օկուպացված տարածքներում նացիստական վարչակարգի պայմաններում եւ ոչնչացվել/զոհվել են զանգվածային գնդակահարությունների վայրերում, ճամբարներում, գետտոներում, բանտերում, ապաստարաններում, անտառներում, ինչպես նաեւ սպանվել են դիմադրելու փորձ կատարելիս (կազմակերպված կամ ոչ), որպես պարտիզանական շարժման, գաղտնարանի, ապստամբության մասնակից, սահմանի անօրինական հատման կամ փախուստի փորձ կատարելիս նացիստների եւ/կամ նրանց ենթակաների (ներառյալ տեղի բնակչությունը կամ ազգայնական խմբավորումները) ձեռքով»: Բացի դրանից, նրանց մեջ մտնում են նրանք, «ովքեր բռնագրավված տարածքներում են գտնվել եւ սպանվել/զոհվել են Գերմանիայի ու նրա դաշնակիցների զինված ուժերի հետ ուղղակի բախման, ռմբակոծությունների, փախուստի արդյունքում, 1941-1942թթ. էվակուացման ժամանակ»:

1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացությանը, որ Աղետի ժամանակ զոհվածների թիվը կազմում է վեց միլիոն մարդ; այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-ից 6 միլիոն թվերը:

Աուշվից-Բիրկենաու ճամբարային համալիրը նացիստական Գերմանիայի կառուցած մահվան ամենախոշոր ու նշանակալից համալիրն էր: 1940թ. հունիսից 1945թ. հունվարն ընկած ժամանակահատվածում գերմանացիներն այստեղ ավելի քան մեկ միլիոն մարդ, հիմնականում հրեա են ոչնչացրել:

1945թ. հունվարի 27-ին Խորհրդային Բանակի զորքերն ազատագրեցին Աուշվիցը, որը գտնվում է Կրակովից 70 կիլոմետր հեռավորության վրա: Ֆաշիստական ճամբարներում 6 միլիոն հրեա եւ միլիոնավոր այլ ազգությունների մարդիկ են ոչնչացվել: Մազապուրծ եղած պատանդների վկայությամբ, այդ ճամբարներում մարդկանց հանդեպ բարբարոսական «փորձեր» էին կատարվում:

2005 թվականի հունվարին ՄԱԿ անդամ պետությունները ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի հատուկ նստաշրջան անցկացրեցին` նվիրված նացիստական կենտրոնացման ճամբարների ազատման 60-ամյակին: Նստաշրջանում ընդունվեց հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հայտարարելու մասին բանաձեւը: