3 փետրվարի 2010 - 17:10 AMT
Հայաստանի իշխանությունները մտադիր են ԵԽԽՎ համազեկուցողների այցը Երեւան հետաձգել մինչեւ տարեվերջ


Հայաստանի իշխանությունները մտադիր են ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի այցը Երեւան հետաձգել մինչեւ տարվա վերջ: Այդ մասին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ համատեղ Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները չէին ցանկանում, որ ինքը մասնակցեր 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեի նիստին, որպեսզի խուսափեին ավելորդ խնդիրներից: Ընդ որում, Փոստանջյանը նկատեց, որ իր բարձրացրած աղմուկի շնորհիվ իշխանությունների ցանկությունը ոչ միայն չիրականացավ, այլեւ նրանց բոլոր հաշվարկները ձախողվեցին: Փոստանջյանի խոսքով, իր ներկայությունը քննարկումների ժամանակ անցանկալի էր նաեւ ԵԽԽՎ համազեկուցողների համար, քանի որ ինքը բազմիցս բողոքել էր նաեւ նրանց գործունեության առնչությամբ:

Ստեփան Սաֆարյանն իր հերթին ասաց, որ հավաստի տեղեկությունների համաձայն, դեռեւս անցյալ տարվա հունվարին խորհրդարանի խոսնակը հանձնարարություն ստացավ` անել ամեն ինչ, որպեսզի «Ժառանգություն» կուսակցության անդամներին թույլ չտրվի մասնակցել միջազգային կառույցների աշխատանքներին: Նրա խոսքով, տվյալ «պատվերը» բխում էր ՀՀ նախագահի նստավայրից: Ընդ որում, Սաֆարյանը նշեց, որ խորհրդարանի խոսնակը չէր ցանկանում «Ժառանգություն» կուսակցության քննադատության թիրախ դառնալ, ուստիեւ բոլոր պարտավորությունները թոթափեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի վրա: «Այդպես էլ ստեղծվեց Պատվիրակությունների ղեկավարների խորհուրդը, որը որոշում է, թե ով է մասնակցելու միջազգային կառույցների աշխատանքներին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ: 2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-ը (ԵԽԽՎ)` Եվրոպայի խորհրդի կանոնադրական երկու մարմիններից մեկն է; խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: ԵԽԽՎ-ն Եվրոպայի հնագույն միջխորհրդարանական համագործակցության մարմին է: ԵԽԽՎ-ի անդամները նշանակվում են անդամ երկրների խորհրդարանների կողմից: Հինգ առավել խոշոր պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԵԽԽՎ-ում ներկայացված են 18 անդամներով: Նվազագույն ներկայացուցչությունը` 2-ական պատգամավոր յուրաքանչյուր պետությունից: Ազգային պատվիրակությունը պետք է ընդգրկի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին,եւ պետք է համապատասխանի տղամարդկանց եւ կանանց հավասար ներկայացվածությունը: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին անդամակցում է 318 անդամ եւ 318 «տեղակալ»:

Նստաշրջաններին մասնակցում է նաեւ 18 դիտորդ` Կանադայի, Մեքսիկայի եւ Իսրայելի խորհրդարաններից: Նմանատիպ իրավունքներից օգտվում է Կիպրոսի թուրքական համայնքի երկու ներկայացուցիչ, որոնք ընդգրկված են Կիպրոսի հանրապետության պատվիրակությունում: Բելառուսի խորհրդարանը 1997 թ-ն ժամանակավոր զրկվել է «հատուկ հյուրի» կարգավիճակից եւ ներկայացված չէ նստաշրջանում: ԵԽ նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Վեհաժողովի ամեն նստաշրջանում:

Վեհաժողովը գլխավորում է պաշտոնապես մեկ տարով ընտրվող նախագահը (ներկայումս` Մովլուդ Չավուշօղլու, Թուրքիա): Գործնականում նախագահի պաշտոնը փոխանցվում է ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից (խմբակցությունից) մյուսին յուրաքանչյուր երեք տարին մեկ, այսինքն նախագահի իրավասությունները հաստատվում են երեք տարվա ընթացքում ոչ այլընտրանքային հիմքի վրա: Վեհաժողովը ընտրում է նաեւ նախագահի տեղակալներ, ներկայումս նրանց թիվը 20-նն է: