3 փետրվարի 2010 - 16:49 AMT
Հայաստանում, Վրաստանում եւ Ռուսաստանում տոնական միջոցառումներ կանցկացվեն Վահան Տերյանի 125-ամյակի պատվին


«Փետրվարի 1-ին կայացավ Վահան Տերյանի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման Հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովը գլխավորեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի ժամանակ ներկայացվեցին մի շարք նախագծեր, որոնց վարչապետը հավանություն տվեց եւ արդեն համապատասխան կարգադրություններ է կատարել»,- փետրվարի 3-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Վահան Տերյան» Կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանը:

Նրա խոսքով, վարչապետի կարգադրությամբ ծրագրվում է մի շարք միջոցառումներ անցկացնել Հայաստանում եւ Վրաստանում: Այդպես հուլիսի 24-ին Վրաստանի Նինոցմինդա քաղաքում համերգ տեղի կունենա: Գանձա գյուղում, որտեղ ծնվել է բանաստեղծը, հուլիսի 25-ին Տերյանական օր կանցկացվի, իսկ նույն օրվա երեկոյան Թբիլիսիում Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Հայաստանի եւ Վրաստանի Գրողների միության կողմից կազմակերպված համերգ:

Հայաստանում կանցկացվի նաեւ Վահան Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված ստեղծագործությունների համերգ: «Մենք կկազմակերպենք նաեւ «Ջավախքը մեզ հետ է» թեմայով նկարների ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Ախալքալաքի եւ Ախալցխայի նկարիչների շուրջ 125 աշխատանքներ: Դա նաեւ այդ նկարիչների աշխատանքները հանրությանը ներկայացնելու տարբերակ է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առուշան Հակոբյանը:

Տոնական միջոցառումներ ծրագրվում է անցկացնել նաեւ Ռուսաստանում` Օրենբուրգ քաղաքում, որտեղ իր կյանքի վերջին տարիներին ապրել եւ ստեղծագործել է հայ բանաստեղծը:

Ինչպես հաղորդեց «Վահան Տերյան» Կենտրոնի ղեկավարը, այդ միջոցառումների մի մասի անցկացմանը մասնակցում է Հայաստանի Մշակույթի նախարարությունը: Նրա խոսքով, արդեն ստացվել է Տերյանի սիրային քնարերգության 125 բանատեղծություններից բաղկացած գրքի թողարկման պետպատվերը: Ավելի վաղ «Վահան Տերյան» Կենտրոնն իր միջոցներով հրատակարեց «Վահան Տերյան - ընտրանի» գիրքը:

Վահան Տերյանն ականավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ է, ծնվել է 1885թ Ախալքալաքի Գանձա գյուղում` հոգեւորականի ընտանիքում: 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները: 1899թ. ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի հետ: Լազարյան ճեմարանն ավարտելուց կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի բանտը:

Տերյանը սովորել է Մոսկվայի եւ Պետերբուրգի համալսարաններում, միաժամանակ գնալով ակտիվ գործունեություն ծավալել հանուն հայ ժողովուրդը թուրք ենիչերիներից փրկելու եւ մարդասիրության բարձր գաղափարների հաստատման: 1908թ. Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի ստեղծագործությունների առաջին ժողովոծուն` «Մթնշաղի անուրջներ», 1915թ. «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» հայտնի շարքը:

Վահան Տերյանը մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանն ու քաղաքացիական պատերազմին, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է եղել մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանել է 1920թ.: