3 փետրվարի 2010 - 16:44 AMT
Վրաստանի քաղաքացին շնաբուծությամբ է զբաղվում Թբիլիսիի XVIII դարի Սուրբ Նշան հայկական եկեղեցու տարածքում


Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչները փետրվարի 1-ին «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման անդամներն են փոխանցել մի տեսանյութ, որտեղ գրանցված են XVIII դարի Սուրբ Նշան հայկական եկեղեցու տարածքում շներ պահելու փաստերը, որոնք հիմք են տալիս մտահոգվելու մշակույթի հուշարձանի վիճակի մասին:

«Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժմանը հասցեագրված Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների կոչում ասված է.«Սուրբ Նշան եկեղեցին չափազանց վատ վիճակում է գտնվում, ներքին կահավորանքն ոչնչացված է, բակում շինարարական աղբ է կուտակվել: Միեւնույն ժամանակ, 2007թ. ի վեր Սուրբ Նշանը կրոնական հուշարձանի կարգավիճակ ունի եւ գտնվում է մշակույթի նախարարության պաշտպանության ներքո: Շենքի վիճակը միանշանակ վկայում է, որ վերանորոգման ոչ մի աշխատանք չի կատարվում: Չկան նույնիսկ սահմանփակումներ կամ նշաններ, որոնք ազդարարեն եկեղեցու կարգավիճակի մասին եւ խոչընդոտեն բարբարոսական վերաբերմունքին: Քանի դեռ հուշարձանը մաշկույթի նախարարության հսկողությամն տակ է, համայնքը զրկված է սեփական քաղաքացիական կամքն արտահայտելու հնարավորությունից` լիակատար ավերումից այն փրկելու համար»:

Թբիլիսիի հայկական համայնքը հաղորդել է, որ եկեղեցու բակում գտնվող Բելգիայի փոխհյուպատոս Վասիլի Մեղվինովի շիրմաքարը, որը մահացել է 1895թ., տարիներ շարունակ ավիրվել է: Քաղաքացիների խնդրանքները վերակառուցման մասին արդյունք չունեցան: Ի վերջո, մարմարի շիրմաքարը ճաքեց եւ փլուզվեց: Մտահոգված քաղաքացիները կասկածում են, որ այստեղ գործ ունենք վանդալիզմի հետ:

«Բոլոր նշված փաստերը չեն կարող չվրդովեցնել բազմազգ Վրաստանի ցանկացած քաղաքացու, իր երկրի հայրենասերի, քաղաքակիրթ մարդու: Օրինաչափ հարց է առաջանում, թե ուր են ուղղվում նախարարության ֆինանսները: Ինչո՞ւ է Թբիլիսիի քաղաքապետարանը վերականգնում պատմական արժեք չներկայացնող շենքերը` անտեսության մատնելով մշակութային եւ պատմական արժեք հանդիսացող եկեղեցին, որը ավերման եզրին է»,-ասվում է փաստաթղթում: Նախատեսվում է փետրվարի 4-ին Սուրբ Նշանի մոտ հայ համայնքի ներկայացուցիչների արտահերթ հանդիպում հրավիրել:

Թբիլիսիի XVIII դարի Սուրբ Նշան հայկական եկեղեցին եռախորան հայկական եկեղեցի է, որի շինարարությունը սկսել է Ամիր Բեբությանն իր որդու` Ասլամազի հետ 1701 թվականին: Սբ. Նշանը գտնվում է քաղաքի կենտրոնում, Հերակլեսի հրապարակից ոչ հեռու, հին Հակոբյանի եւ Սերեբրյանի փողոցների հատման վայրում: Եկեղեցին իրավամբ համարվում է ամենանշանակալի հայկական կրոնական կառույցներից մեկը: Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը տարբեր նպատակներով է օգտագործվել: Պատերազմի տարիներին այստեղ պահեստ էր: Այնուհետեւ` Վրացական ազգային գրադարանի գրապահոցը, որտեղ հիմնականում պահվում էր հայկական նախախորհրդային շրջանի հայկական, ինչպես նաեւ ռուսական ու գերմանական մամուլը: Աստիճանաբար Սբ.Նշան եկեղեցին անկում ապրեց: Այսօր եկեղեցին վթարային վիճակում է, քանդվում է հյուսիսային կողմից, սակայն, ինչպես դա սովորաբար լինում է, ոչ հայ համայնքը, ոչ թեմը ոչ մի միջոց չեն ձեռնարկում: Տասնյակ տարիներ այստեղ վերանորոգումներ չեն կատարվել: 2002թ. հոկտեմբերի 20-ին շենքը հրդեհվեց եւ ողջ մամուլն այրվեց: Ըստ վրաց իրավապահ մարմինների, պատճառը երեխաների խաղերն էին լուցկիների հետ: Սակայն դա անհավատալի է թվում, եթե հաշվի առնենք, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա 3-ին: Հրդեհի արդյունքում վնասվեցին նաեւ Հովնաթանյանների որմնանկարները: Ցավոք, կրակի ազդեցության տակ վերին շերտը թափվեց: Իսկ քանի որ եկեղեցին մշտապես փակ էր, դրանք նույնիսկ հնարավոր չեղավ լուսանկարել ու հավերժացնել: