3 փետրվարի 2010 - 14:24 AMT
Սեւանում ձկնատեսակների վերականգնման համար 4 տարի է անհրաժեշտ


Սեւանում ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման համար առնվազն 4 տարի է անհրաժեշտ: Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել ՀՀ ԳԱԱ ձկնաբուծական ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Ըստ նրա, ինստիտուտը դիմել է բնապահպանության նախարարությանը եւ Սեւանի խնդիրներով զբաղվող հանձնաժողովին` առաջարկելով արգելել ձկնորսությունը լճում առաջիկա 4 տարիներին: Այդ առնչությամբ, նա ընդգծել է, որ առանձին ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման համար տարբեր ժամկետներ են հարկավոր, մասնավորապես սիգի համար դա 4 տարի է, իշխանի համար` 8 տարի, իսկ կողակի համար 15 տարի է պահանջվում: Միաժամանակ Գաբրիելյանը նշել է, որ անհետացման եզրին է գտվում լճի ողջ ֆաունան:

ՀՀ բնապահպանության նախարարության բիոռեսուրսների կառավարման վարչության պետ Կարեն Ճենտերեճյանը հաղորդել է, որ 2009թ. Սեւանում անցկացված հետազոտությունների արդյունքում մեծ քանակությամբ մանրաձուկ է հայտնաբերվել, ինչը հույս է ներշնչում, որ 2010թ. աշնանը կարող է սիգի պոպուլյացիայի աճ գրանցվել: Նա հաղորդել է նաեւ, որ ՀՀ կառավարությունը 2010թ. համար 60 մլն դրամ է հատկացրել, 2009-ի 72 մլն դրամի դիմաց ձկնաբուծական ընկերություններից մանրաձուկ ձեռք բերելու եւ Սեւանում բաց թողնելու համար: «Սակայն դա ինքնանպատակ չէ, քանի որ ձուկը պետք է վերարտադրվի բնական պայմաններում»,-ասել է նա:

Իր հերթին ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծական ինստիտուտի փոխտնօրեն Էվելին Ղուկասյանը հավելել է, որ 2010թ. ինստիտուտը Սեւանում 205 տոննա խեցգետնի որսի թույլտվություն է տվել 2009թ. 370 տոննայի դիմաց: Նա հավելել է նաեւ, որ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ լճում խեցգետնի պոպուլյացիան ամեն տարի կրճատվում է:

Սեւանա լիճը Կովկասի քաղցրահամ ջրի խոշորագույն աղբյուրն է եւ միակ երաշխավորված աղբյուրը Հայաստանի տարածքում: 2009թ. ի վեր ՀՀ նախագահին կից գործում է լճի խնդիրներով զբաղվող հանձնաժողովը, որը գործնական առաջարկներ է մշակում լճի պահպանման համար: Մի քանի տարի առաջ կառավարությունը հաստատեց լճի ռեսուրսների պահպանման համալիր ծրագիրը, որը պետք է ֆինանսավորվեր 300 մլն դոլարով: Ըստ ծրագրի, նախատեսվում է ջրի մակարդակը մինչեւ 2031թ. բարձրացնել մինչեւ 1903 մ, տարեկան 20-21 սանտիմետրով: