3 փետրվարի 2010 - 14:00 AMT
ԱՄՆ-ի հայերը եւ հրեաները հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջագրով


ԱՄՆ-ի Բոստոնի հայկական եւ հրեական համայնքները հանդես են եկել on-line պահանջագրով, որում կոչ են արել ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Այդ մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում (ԱՀՀ):

«Համագումարը կոչ է անում ԱՄՆ-ի քաղաքացիներին միանալ պահանջագրին եւ կոնգրեսականներից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - ասել է պահանջագիրը ներկայացնողներից մեկը:

Բոստոնի հայկական եւ հրեական համայնքները ակտիվ համագործակցում են Հակադիֆամացիոն լիգայի (ADL) Մասսուչուսեթսի մասնաճյուղի հետ: ADL-ը մի քանի ամիս առաջ հայտարարել է, որ 1915 թ-ի դեպքերը ցեղասպանություն էին: Սակայն, չնայած դրան ADL-ն շարունակում է խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը:

«XXI դարում աշխարհը նորից դարձավ է Դարֆուրում տեղի ունեցած ցեղասպանության ականատեսը: Միանալով այդ պահանջագրին մարդիկ կարող են օգնել վերջ դնել ցեղասպանություններին», ասել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

ԱՀՀ-ն հիմնվել է 1972թ.: Դա ԱՄՆ-ի խոշորագույն հայկական կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունն ուղղված է իրազեկման բարձրացմանն այն հարցերում, որոնք առնչվում են ԱՄՆ-ի հայ համայնքին:

Հակադիֆամացիոն լիգան (ADL) ստեղծվել է 1913թ. ԱՄՆ-ում` «հրեա ժողովրդի զրպարտությանը վերջ դնելու եւ բոլորի հանդեպ արդարություն եւ արդար վերաբերմունք ապահովելու նպատակով»: Ներկայումս ADL-ն պայքարում է հակասեմիտիզմի եւ այլատյացության բոլոր դրսեւորումների դեմ, պաշտպանում է ժողովրդավարական գաղափարները եւ առանց բացառության բոլոր ազգերի քաղաքացիական իրավունքները: Կազմակերպությունը 30 բաժանմունք ունի ԱՄՆ-ում եւ արտերկրում:

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:

Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:

2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում: