27 հունվարի 2010 - 20:57 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Վերածնունդ» անունով նոր զբոսայգի կբացվի Երեւանում


Հունվարի 27-ին Երեւանում ՀՀ ԳԱԱ -ում տեղի ունեցավ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողով, որը կազմակերպել էր Համաշխարհային հայկական կոնգրեսին կից երիտասարդական կազմակերպությունների ընկերակցությունը:

«Մենք ծրագրել ենք անցկացնել մի քանի միջոցառումներ` Հայոց ցեղասպանության 95 եւ 100-ամյակներին նվիրված: Այդ միջոցառումները մեկ նպատակ են հետապնդում` որքան կարելի է շատ մարդկանց տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին», - ասել է ՀՀԿ-ի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:

Նրա խոսքերի համաձայն, միջոցառումների շրջանակում Հայաստանի ողջ տարածքում տնկելու են 1,5 մլն ծառ:

«Միջոցառումների մեկնարկը կհայտարարվի 2010 թ. «Վերածնունդ» զբոսայգու բացմամբ եւ մինչեւ 2015 թ. պետք է տնկվի 1,5 մլն ծառ` որպես հուշ Ցեղասպանության յուրաքանչյուր զոհի», - ասել է Վլադիմիր Աղայանը:

Նա նշել է նաեւ, որ Հայաստանի եւ սփյուռքի կազմակերպությունների միջեւ կազմակերպվելու են ավտոմրցավազք, ռադիոկամուրջ: Միջոցառումներն անց են կացվելու 10 երկրներում, որտեղ հայկական համայնքներ կան: Տարածվելու են նաեւ Հայոց ցեղասպանության մասին պատմող թռուցիկներ` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Փետրվարի 20-ին մրցույթ է հայտարարվելու` «Ապրել` հիշելու եւ արարելու համար» թեմայուվ:

Համաժողովին մասնակցում էին ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպություններ, ստեղծագործական միություններ, մշակույթի գործիչներ եւ այլք: