27 հունվարի 2010 - 21:59 AMT
ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների հայտարարությունը


Հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցի ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուն հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ:

Այդ կապակցությամբ կոալիցիոն կուսակցությունները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Վեհաժողովի նախագահի կողմից «իրականության» որոշ մեկնաբանություններ հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընկալման հարցում: ԵԽԽՎ նախագահը լավ չի ընկալում հակամարտության բնույթն ու տարրերը, ինչպես նաեւ վերջինիս շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Նա ակնհայտորեն նախընտրում է անտեսել այն փաստը, որ խաղաղ կարգավորումը հիմնված է մի քանի սկզբունքներին հետամուտ լինելու վրա, որոնց թվում է նաեւ ինքնորոշման սկզբունքը: Ինչպես երևում է, նախագահը նաև անտարբերությամբ է վերաբերում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանն առնչվող հիմնահարցերին, որոնք մշտապես վտանգված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներկայումս նաեւ հայերի հանդեպ ատելություն եւ այլատյացություն քարոզելու միջոցով:

Ավելին, ցավում ենք, որ հենվելով հիմնահարցի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը եւ շեշտելով, որ. «այս հակամարտությունը կարծես խոչընդոտում է Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»` Նախագահը լրջորեն հարցականի տակ է դնում իր պաշտոնավարության հեղինակությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում առհասարակ որեւէ դրական դերակատարում ունենալու տեսանկյունից:




Այս հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններ վարելը միայն լիազորված մարմնի, այս պարագայում ԵԱՀԿ եւ վերջինիս Մինսկի խմբի համանախագահության իրավասությունն է, եւ այն, որ այս ձեւաչափից դուրս ցանկացած անպատասխանատու ձեռնար միայն ավելի բարդացնում եւ վնասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:

Հաշվի առնելով վերոգրյալը, Ազգային Ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կոալիցիոն խմբակցությունները հորդորում են Ազգային ժողովի նախագահին ԵԽԽՎ նախագահից ճշտել տարածված հարցազրույցի իսկությունը, բացատրություններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ, արդյո՞ք նրա խոսքերը կարելի է համարել ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում եւ հարկ եղած դեպքում լրջորեն քննարկել Մովլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը», - ասվում է կոալիցիոն կուսակցությունների հայտարաության մեջ: