27 հունվարի 2010 - 22:21 AMT
Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Երեւանին եւ Բաքվին ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում


Հայաստանը եւ Ադրբեջանը բարեկամական երկրներ են Իրանի համար: Իրանը, որպես բարեկամական երկիր ցանկանում է, որ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատվի: Այդ մասին Երեւանում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթթաքին: «Մենք բոլորս լավ ենք հիշում 2008 թ-ի Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Նման իրադարձություններ այլեւս չպետք է կատարվեն, քանի որ նրանք ազդեցին տարածաշրջանի անվտանգության, էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառույցների վրա», - ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով, Իրանը ցանկանում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: «Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Երեւանին եւ Բաքվին ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում», - ասել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Զինված հակամարտությունը Հարավային Օսեթիայում սկիզբ առավ 2008թ. օգոստոսին մի կողմից Վրաստանի, մյուս կողմից` Ռուսաստանի եւ չճանաչված Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի միջեւ: 2008թ. օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին գնդակոծել Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալը եւ մերձակա շրջանները: Մի քանի ժամ անց հետեւեց հարձակումը քաղաքի վրա վրացական զրահատեխնիկայի եւ հետեւակի կողմից: Հարձակման համար պաշտոնական առիթ հանդիսացավ, ըստ վրացական կողմի հայտարարությունների, հրադադարի ռեժիմի խախտումը Հարավային Օսեթիայի կողմից, որն, իր հերթին, պնդում է, որ առաջինը կրակ բացեց Վրաստանը:

2008թ. օգոստոսի 8-ին Հարավային Օսեթիայի կողմից հակամարտությանը պաշտոնապես միացավ Ռուսաստանը` վրացական կողմին խաղաղության պարտադրման գործողության շրջանակներում, իսկ 2008թ. օգոստոսի 9-ին` միացավ նաեւ Աբխազիան, Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջեւ ռազմական օգնության մասին համաձայնագրի շրջանակներում: 2008թ. օգոստոսի 12-ին ՌԴ-ն պաշտոնապես հայտարարեց վրացական կողմին խաղաղության պարտադրման օպերացիայի ավարտի մասին: 2008 թվականի օգոստոսի 13-ին Աբխազիան պաշտոնապես հայտարարեց Քոդորի կիրճից վրաց զորքերին դուրս մղելու գործողության ավարտի մասին, որից հետո ակտիվ ռազմական գործողություններն ավարտվեցին:

2008թ. օգոստոսի 14-16-ը զինված գործողությունների մասնակից պետությունների ղեկավարները ստորագրեցին հարավ-օսական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը (Մեդվեդեւ-Սարկոզիի պլանը): Վրաստանը հակամարտությունը սպառված չի համարում` բացատրելով դա ՌԴ-ի կողմից պայմանավորվածությունների խախտմամբ: