28 հունվարի 2010 - 12:10 AMT
Հունվարի 28-ին լրացավ Հայկական բանակի 18 տարին


Հունվարի 28-ին լրացավ Հայկական բանակի 18 տարին: Ավանդույթի համաձայն վաղ առավոտյան երկրի ղեկավարությունը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Եռաբլուրում ծաղկեպսակներ դրեցին ղարաբաղյան ազատամարտի ժամանակ զոհված հերոսների շիրիմներին:

«Հունվարի 28-ը մեր համազգային տոնն է: Մենք հպարտությամբ ենք գալիս այստեղ` խոնարհվելու համար մեր հերոսներին: Մենք հաղթանակած բանակ ունենք եւ ես հպարտ եմ, որ մեր զինվորներն անխախտ են պահում մեր հայրենիքի սահմանները»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

1991թ-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (Նախարարների խորհրդին կից): 1992թ. հունվարի 28-ին կայացվեց պատմական որոշում` «ՀՀ պաշտպանության մասին», որով օրինականացվեց Հայոց ազգային բանակի ստեղծումը: