2 փետրվարի 2010 - 20:06 AMT
Ղարաբաղյան հակամարտության օգնությամբ Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում


Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անգործության է մատնված ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ-ն բավական ակտիվ աշխատանք է տանում ղարաբաղյան հակամարտության լուծման գործում: Ընդ որում, Սաֆրաստյանը նկատեց, որ ղարաբաղյան հակամարտությունը բավական բարդ հակամարտություն է եւ չի կարող արագ լուծում ստանալ:

«Այդ հարցում Թուրքիայի ակտիվությունը կապված է այն բանի հետ, որ նա ցանկանում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` ավելացնելով, որ Անկարայի միջամտությունը կարող է բացասաբար անդրադառնալ հակամարտության լուծման գործընթացի վրա եւ ուժեղացնել Ադրբեջանի կողմից ռազմաշունչ հայտարարությունները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: