2 փետրվարի 2010 - 17:36 AMT
Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ 18 տարվա ընթացքում չի փոխվել


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում քաղաքական դիտորդների նախազգուշացումը իրականացել է, այսինքն` Անկարայի դիրքորոշումը Երեւանի նկատմամբ 1992 թ.-ից չի փոխվել: Այս մասին լրագրողներին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նրա խոսքերի համաձայն, չնայած այս ամենին, հայկական կողմը հաշվի առնելով տարածաշրջանային գործընթացները, որոշել էր, որ երկու երկրների միջեւ հնարավոր կլինի կառուցողական երկխոսություն, ինչի համար էլ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները:

Ա. Սաֆարյանը նաեւ նշել է, որ Թուրքիայի հետ այդպիսի երկխոսությունը հնարավոր է նաեւ այսօր, միայն թե այն դեպքում, եթե թուրքական կողմը առանց նախապայմանների վավերացնի <b>արձանագրությունները</b>, որից հետո նույնը կանի նաեւ Հայաստանը:

«Այս պահին, ինչպես տեսնում ենք, Թուրքիայի հասարակական-քաղաքական կարծիքի վրա մեծ ազդեցություն ունի ադրբեջանական գործոնը», - ասել է Ա. Սաֆարյանն, ավելացնելով, որ Անկարան մտադրություն չունի որեւէ քայլ ձեռնարկել, որը կհակասի Բաքվի շահերին:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը 18 տարվա ընթացքում չի փոխվել ո'չ Հայաստանի, ո'չ Ադրբեջանի նկատմամբ: Նրա խոսքերի համաձայն, այս ամենը պետք է միջազգային կազմակերպություններին ցույց տալ. «որպեսզի նրանք տեսնեն, թե ով եւ ինչու է խոչընդոտում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: