2 փետրվարի 2010 - 16:16 AMT
Ռուսաստանում կստեղծվի առաջին հայկական տեղեկատվական-զվարճալի հեռուստաալիք` TVArmenia ry


Ռուսաստանում գործելու է հայկական առաջին տեղեկատվական-զվարճալի TVArmenia ry հեռուստաալիքը, հաղորդում է miasin.ru-ն: Հեռուստաալիքի նպատակն է լուսաբանել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի կյանքն ու գործունեությունը, համաշխարհային հասարակական, քաղաքական եւ այլ իրադարձություններին հայերի ակտիվ մասնակցությունը, որոնք անմիջականորեն կապված են մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացման հետ ԱՊՀ-ում, Ասիայում, Եվրոպայում եւ Ամերիկայում, ինչպես նաեւ այն խորը պատմամշակութային արժեքները, որոնց տիրապետել եւ տիրապետում է հայ ժողովուրդը մարդկության զարգացման պատմության մեջ:

«Հեռուստաալիքը պետք է պատմի եւ հայ նոր սերնդի մեջ ներարկի իր ժողովրդի լավագույն գծերը: Ցույց տա ժողովրդի արժանի գործերը, որոնց շնորհիվ, չնայած դարավոր կորուստներին, տարագրմանն ու ցեղասպանությանը, հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր հարուստ մշակույթը, լեզուն, հավատն ու ավանդույթները եւ հայրենիքը: Հայերը` որպես երկրագնդի բնակիչներից մեկը, ոչ միայն պատմականորեն խաղաղ ու ներդաշնակորեն ինտեգրվում են տարբեր երկրների մշակութահասարակական կյանքին, այլեւ իրենց գնահատելի ներդրումն են ունենում այդ պետությունների կյանքի բոլոր բնագավառներում: Այդ ամենի հետ միաժամանակ հայերը արժանապատվորեն պահպանում են իրենց ազգային մշակույթն ու հոգեւոր արժեքները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի հիմնական նպատակը Հայաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում ապրող հայերի հասարակական, մշակութային, քաղաքական եւ տնտեսական կյանքի օպերատիվ լուսաբանումն է: