2 փետրվարի 2010 - 15:52 AMT
Հայաստանի ուսանողները կկարողանան պրակտիկա անցնել ԵՄ Խորհրդատվական խմբում


Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը եւ ՄԱԿ Զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան համաձայնագիր ստորագրեցին Հայաստանում Եվրամիության Խորհրդատվական խումբ մասնագետ-պրակտիկանտներ ընդունելու մասին:

«ԵՄ եւ ՀՀ միջեւ համագործակցությունը բավական արդյունավետ է զարգանում: Այսօրվա միջոցառումը մեծ նշանակություն ունի: Ծրագիրը հայ երիտասարդությանը, ուսանողներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքներին` դրանով իսկ նպաստելով եվրոպական կառույցներ հայ երիտասարդության ինտեգրմանը, ինչպես նաեւ ԵՄ ու Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Ծրագիրը նաեւ պլատֆորմ կստեղծի երկրում կրթության, առողջապահության, սոցիալական ապահովման, բնապահպանության, ազատության, անվտանգության ոլորտներում բարեփոխումների գործընթացին երիտասարդության մասնակցության համար»,- համաձայնագրի ստորագրման ժամանակ ընդգծեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա նշեց նաեւ, որ արդեն գոյություն ունեն մոտ 40 միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք ներգրավված են Հայաստանի պետական կառավարման բոլոր մարմիններում, որպեսզի Հայաստանի բոլոր կառույցներում եվրոպական չափանիշներ եւ ստանդարտներ ներմուծվեն: «Դա մեզ կօգնի ավելի մոտ դառնալ Եվրամիությանն ու եվրոպական ստանդարտներին համապատասխան բարեփոխումներ իրականացնել մեր երկրում»,- ամփոփեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերն իր հերթին պարզաբանեց, որ ծրագիրը նոր գործիք է, որը Հայաստանի տաղանդավոր ուսանողներին հնարավորություն կընձեռի ԵՄ փորձագետների ու խորհրդատուների հետ անմիջականորեն աշխատելու արդյունքում աշխատանքի եւ բարեփոխումների իրականացման փորձ ձեռք բերել: «Ծրագիրը գործելու է որպես Հայաստանին ԵՄ գիտելիքների ու փորձի փոխանցման մեխանիզմ: Ես մեծ հույս ունեմ, որ բոլոր մասնակիցներն ու կազմակերպությունները կկարողանան օգուտ քաղել այդ ծրագրից»,- ասաց Ռաուլ դե Լուցենբերգերը:

ՄԱԿ Զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան իր հերթին նշեց. «Ծրագիրը կարեւոր է նրանով, որ երիտասարդության համար նոր հեռանկարներ է բացում, ընդ որում, անկհայտ է, որ բոլոր ձեռքբերումները ծառայելու են հենց Հայաստանի զարգացմանը»:

Եվրոպական միությունը (Եվրամիություն,ԵՄ) 27 եվրոպական պետությունների միավորում է, որոնք ստորագրել են Եվրոպական միության մասին պայմանագիրը (Մաաստրիխտյան պայմանագիր): Միությունը յուրահատուկ միջազգային կազմակերպություն է, միաձուլում է միջազգային կազմակերպության եւ պետության նախանշանները, սակայն ոչ մեկն է, ոչ մյուսը: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ չէ, սակայն միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություններ ունի եւ մեծ դեր է կատարում դրանցում: ԵՄ գործող նախագահն իր պաշտոնը զբաղեցնում է վեց ամիս շարունակ ռոտացիայի ճանապարհով:




Դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Եվրոպական միության մասին Պայմանագրում եւ Եվրոպական հասարակության հաստատման մասին Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Լիսաբոնյան պայմանագիրը»: Այն կոչված է փոխարինել ուժի մեջ չմտած ԵՄ Սահմանադրությունը եւ փոփոխություններ կատարել Եվրոպական միության մասին գործող համաձայնագրերում ԵՄ վարչության համակարգի բարեփոխման նպատակով: Պայմանագրի համաձայն, ներմուծվում է Եվրոպական խորհրդի մշտական նախագահի պաշտոնը, ով ընտրվելու է եվրոպական առաջնորդների կողմից 2,5 տարի ժամկետով եւ երկրորդ ժամկետի համար վերընտրվելու հնարավորությամբ: Եվրոպական խորհրդի մշտական նախագահը ներկայացնելու է Միությունը արտաքին քաղաքականության մեջ իր իրավասությունների շրջանակներում եւ Ընդհանուր արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության հարցերում, ինչը չի նվազեցնում Բարձր ներկայացուցչի դերը:

2009 թվականի նոյեմբերի 19-ին Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում այդ պաշտոնին նշանակվեց Բելգիայի վարչապետ Հերման վան Ռոմպեյը: