2 փետրվարի 2010 - 15:34 AMT
Հայաստանն ու Ավստրիան մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտում համագործակցելու մասին հուշագիր ստորագրեցին


Հունվարի 25-28-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնական այցով գտնվում էր Ավստրիայում: Այցելության ընթացքում ստորագրվեց մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա խթանել համագործակցությունը հումանիտար ոլորտներում, իսկ շահագրգռված հայկական կազմակերպություններին եւ մասնավոր անձանց թույլ կտա մասնակցել Ավստրիայի հետ փոխանակման ծրագրերին եւ ընդլայնել Հայաստանի հանրակրթական դպրոցներում գերմաներենի ուսուցումը` օգտագործելով նաեւ ավստրիական կողմի փորձառությունը:

Մասնավորապես, Արմեն Աշոտյանը Ավստրիայի կրթության, արվեստի եւ մշակույթի նախարար Կլաուդիա Շմիդտի հետ հանդիպման ընթացքում քննարկեց երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրներ եւ ապագային ուղղված մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես, Հայաստանի մի շարք հանրակրթական դպրոցներում գերմաներենի դասավանդման աջակցության ծրագիր Ավստրիայի կառավարության կողմից, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների հաստատում հանրակրթական ուսումնական հաստատությունների միջեւ: