2 փետրվարի 2010 - 15:33 AMT
Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հասնում է 300 մլն դոլարի


Հայ-թուրքական ձեռնարկատերերի խորհրդի համանախագահ (TABDC) Քահան Սոյակը հայտարարել է, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, որը 2009թ. հասել է 300 մլն դոլարի, կարելի է իրական հաջողություն համարել: Ըստ Սոյակի, TABDC գրանցել է, որ 2009թ. ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 150 մլն դոլար, սակայն, ըստ նրա, ՀԲ-ի տվյալներով, այդ ծավալներն անցյալ տարի հասել են 200 մլն դոլարի:

Սոյակը հիշեցրել է, որ այժմ ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ իրականացվում է երրորդ երկրների` Վրաստանի ու Իրանի միջոցով, ինչը դժվարացնում է ապրանքաշրջանառության իրական ծավալների որոշումը, հաղորդում է «Anatolian News Agency» գործակալությունը:

Հայ-թուրքական ձեռնարկատերերի խորհրդը (TABDC) ստեղծվել է 1997թ.: Համանախագահներն են Սոյակն ու ՀՀ Ձեռնարկատերերի միության ղեկավար Արսեն Ղազարյանը: Խորհուրդը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը: