28 հունվարի 2010 - 13:55 AMT
Համլետ Հովսեփկան. Երասխում մենք բաց թողեցինք Նախիջեւանն ետ բերելու պատմական հնարավորությունը


Ինձ միշտ հարցնում են, թե ինչո՞ւ ես թողեցի դատավորի իմ պաշտոնն ու գնացի մարտնչելու, պատասխանը պարզ է` եթե ոչ ես, ապա ո՞վ: Այդ մասին «Արաբո» ջոկատի հրամանատար Մամվել Եղիազարյանի եւ ազատամարտիկ Սամվել Մաթեւոսյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Համլետ Հովսեփյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը Հովսեփյանը պատմել է, թե ինչպես է ստեղծվել ջոկատը, ինչն է դրդել նրանց այդ քայլին: Նա պատմել է Երասխի մարտերի մասին եւ ասել է, որ այդ ժամանակ իր ջոկատի մարտիկները զինված էին միայն որսորդական հրացաններով:

«Երասխի մարտերում մենք բաց թողեցինք Նախիջեւանն ետ բերելու պատմական հնարավորությունը»,-ասել է Հովսեփյանը` հավելելով, որ դրա միակ պատճառն այն էր, որ ԽՍՀՄ-ը դա թույլ չէր տա:

Իր հերթին Մ.Եղիազարյանն ասել է, որ պատերազմում ամենակարեւորը խիզախությունն է, ոչ թե ուժը: «1915թ. հայերը ուժ ունեին, բայց չունեցան բավարար համարձակություն, իսկ 1989թ.` հակառակը: Այն ժամանակ մեր աչքին ոչինչ չէր երեւում` ոչ ԽՍՀՄ-ը, ոչ ՊԱԿ-ը»,-ասել է Եղիազարյանը: «Ես չեմ կռվել անձանց համար: Ես մարտնչել եմ հանուն ապագա սերունդների»,-ասել է «Արաբո» ջոկատի հրամանատարը:

Իր հերթին Սամվել Մաթեւոսյանն ասել է.«Երբ մարդ պատերազմ է գնում, նա կռվում ինչ-որ շահի համար: Ես մասնագիտությամբ եռակցող եմ եւ մինչ օրս էլ եռակցող եմ մնում»:

Արցախի ազատագրական պատերազմին մասնակցել է 32 կամավորական ջոկատ, որոնց կազմում կային 200-1000 անդամներ:

«Սասունցի Դավիթ» ջոկատի առաջին հրամանատարն էր լեգենդար Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադեւոսյանը: Ջոկատը շուրջ 500 անդամ ուներ: «Արաբո» ջոկատում մարտնչել են 200 ազատամարտիկներ: