2 փետրվարի 2010 - 12:25 AMT
ԱՄՆ վարչակազմը 40 մլն դոլարի օգնություն է առաջարկում Հայաստանին 2011թ. ֆինանսական տարում


Բարաք Օբաման ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել 2011թ. ֆինանսական տարվա բյուջեն: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` ANCA-ի հաղորդագրության մեւ, ԱՄՆ բյուջեով նախատեսվում է շուրջ 40 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, ինչը 10 մլն դոլարվ ավելի է, քան առաջարկվում էր 2010թ. բյուջեով, սակայն 1 մլն դոլարով քիչ է անցյալ տարի Կոնգրեսի հատկացրած գումարից:

Նախկինում ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը պահանջել էր 70 մլն դոլարի օժանդակություն ցույց տալ Հայաստանին:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, տարիներ շարունակ Սպիտակ տունը փորձում է ռազմական հավասարակշռության կշեռքի նժարը թեքել Բաքվի կողմը, ինչին ընդդիմանում է Կոնգրեսը, որը հետեւողականորեն ապահովում է երկու երկրների ռազմական բալանսը: Վարչակազմը չի պահպանում այդ սկզբունքը IMET ծրագրում` Ադրբեջանին հատկացնելով 900 000 դոլար, ինչը երկու անգամ ավելի է ՀՀ-ին հատկացվող գումարից` 450 000 դոլար:

Օբաման առաջարկել է Ադրբեջանին 22,12 մլն դոլարի օժանդակություն ցույց տալ, ինչը 120 000-ով ավելի է, քան անցյալ տարի Կոնգրեսի հատկացրած գումարի: Ընդհանուր առմամբ, նախագահն առաջարկում է Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին շուրջ 599, 164 000 դոլարի օգնություն հատկացնել, ինչը 11 818 000-ով քիչ է անցյալ տարվա ցուցանիշից:

«Մենք ողջունում ենք Օբամայի վարչակազմի որոշումը, որով ՀՀ-ին 10 մլն դոլար ավելի է հատկացվել անցյալ տարվա համեմատ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բալանսի պահպանման հարցում: Մենք նաեւ մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսականներ Ադամ Շիֆին, Ֆրենկ Փալոունին, Աննա Էշուին, Ջեկի Սփեյերին եւ Նիտա Լոուին իրենց ջանքերի համար»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

2010թ. բյուջեն նախատեսում էր ամերիկյան օգնության կրճատում Հայաստանի համար 38 տոկոսով եւ խախատում էր ռազմական հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:

Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա գործողությունների ենթակոմիտեն եւ ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն պետք է ուսումնասիրեն նախագահի ներկայացրած բյուջեն եւ իրենց առաջարկները ներկայացնեն 2011թ. համար:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` ANCA ԱՄՆ հայ համայնքի խոշորագույն եւ առավել ազդեցիկ կազմակերպություններից մեկն է: Գործելով ԱՄՆ-ի ողջ տարածքում եւ համագործակցելով աշխարհի մյուս Հայ դատի հանձնախմբերի հետ, այն ակտիվորեն առաջ է մղում Ամերիկայի հայ համայնքի շահերը, այդ թվում նաեւ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: ANCA-ն Առաջին աշխարհամարտից հետո Վահան Քարդաշյանի հիմնադրած Անկախ Հայաստանի ամերիկյան կոմիտեի (ACIA) իրավահաջորդն է: Քարդաշյանը Վաշինգտոնում Օսմանյան կայսրության հյուպատոսն է եղել: ACIA -ն ուներ 23 շրջանային գրասենյակներ ԱՄՆ-ի 13 նահանգներում: ANCA-ի ղեկավարն է Քեննեթ Խաչիկյանը, գործադիր տնօրենն է` Արամ Համբարյանը: