2 փետրվարի 2010 - 11:04 AMT
Հայաստանում քննարկել են համայնքների 2010 թվականի բյուջեները


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին կից կոլեգիայի այսօր կայացած նիստում ՀՀ մարզպետների մասնակցությամբ քննարկվեց 2010 թվականի համայնքների բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2009 թվականի հաշվարկային ցուցանիշների նկատմամբ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորրգյանը նշեց, որ այս տարի հաջողվեց հասնել նրան, որ 2009-ի ավարտին համայնքները հիմնականում կարողացան հաստատել 2010 թվականի բյուջեները։ Սակայն դեռեւս անհրաժեշտ է որոշակի վերլուծություններ կատարել համոզվելու, թե այդ բյուջեները որքանով են օպտիմալ, որքանով են հաշվի առնվել սեփական եկամուտների հավաքագրման ռեզերվները։

Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց մարզպետարանների մասնագետներին հանձնարարել կատարել համայնքների 2010 թվականի բյուջեների վերլուծություն՝ հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքի ստացվելիք դոտացիան, սեփական եկամուտների իրական բազաները եւ ռեզերվները, ինչպես նաեւ սուբսիդիաների ու նպատակային սուբվենցիաների, համայնքային ենթակայության հողատարածքների փոփոխությունները։ Անհրաժեշտության դեպքում առաջարկվեց նաեւ նախարարության մասնագիտական աջակցությունը։ Նաեւ հորդորեց այդ ուսումնասիրությունների արդյունքները քննարկել համայնքների ղեկավարների հետ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մեկամսյա ժամկետում անդրադառնալ այն համայնքների 2010 թվականի բյուջեների քննարկմանը, որտեղ նախատեսված ցուցանիշներն իջեցվել են ոչ թե օբյեկտիվ պատճառնեով, այլ զգուշավորության արդյունքում՝ դրանց կատարումը հեշտությամբ ապահովելու նպատակով եւ անհրաժեշտության դեպքում դիմեն ավագանիներին՝ վերանայելու հաստատված բյուջեները։