1 փետրվարի 2010 - 20:43 AMT
ԵԽԽՎ նախագահը հանդիպել է Թուրքիայի ղեկավարության հետ


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն մեկնել է Անկարա: TRT հեռուստաալիքը հաղորդել է, որ այցի շրջանակներում ԵԽԽՎ նախագահը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ, ինչպես նաեւ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ ալի Շահինի հետ: Հանդիպման ընթացքում Շահինը գոհունակություն է հայտնել Չավուշօղլուի ԵԽԽՎ նախագահ ընտրվելու առիթով:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան անհրաժեշտաբար պետք է փոխի մարդու իրավունքների մասին դրույթները: Մեւլութ Չավուշօղլուն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանի նախագահին` ԵԽԽՎ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջ քաշելու եւ աջակցելու համար: Չավուշօղլուն հայտարարել է, որ առանձին երկրների հիմնախնդիրները լուծելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվելու:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-ը (ԵԽԽՎ)` Եվրոպայի խորհրդի կանոնադրական երկու մարմիններից մեկն է; խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: ԵԽԽՎ-ն Եվրոպայի հնագույն միջխորհրդարանական համագործակցության մարմին է: ԵԽԽՎ-ի անդամները նշանակվում են անդամ երկրների խորհրդարանների կողմից: Հինգ առավել խոշոր պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԵԽԽՎ-ում ներկայացված են 18 անդամներով: Նվազագույն ներկայացուցչությունը` 2-ական պատգամավոր յուրաքանչյուր պետությունից: Ազգային պատվիրակությունը պետք է ընդգրկի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին,եւ պետք է համապատասխանի տղամարդկանց եւ կանանց հավասար ներկայացվածությունը: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին անդամակցում է 318 անդամ եւ 318 «տեղակալ»:

Նստաշրջաններին մասնակցում է նաեւ 18 դիտորդ` Կանադայի, Մեքսիկայի եւ Իսրայելի խորհրդարաններից: Նմանատիպ իրավունքներից օգտվում է Կիպրոսի թուրքական համայնքի երկու ներկայացուցիչ, որոնք ընդգրկված են Կիպրոսի հանրապետության պատվիրակությունում: Բելառուսի խորհրդարանը 1997 թ-ն ժամանակավոր զրկվել է «հատուկ հյուրի» կարգավիճակից եւ ներկայացված չէ նստաշրջանում: ԵԽ նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Վեհաժողովի ամեն նստաշրջանում:

Վեհաժողովը գլխավորում է պաշտոնապես մեկ տարով ընտրվող նախագահը (ներկայումս` Մովլուդ Չավուշօղլու, Թուրքիա): Գործնականում նախագահի պաշտոնը փոխանցվում է ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից (խմբակցությունից) մյուսին յուրաքանչյուր երեք տարին մեկ, այսինքն նախագահի իրավասությունները հաստատվում են երեք տարվա ընթացքում ոչ այլընտրանքային հիմքի վրա: Վեհաժողովը ընտրում է նաեւ նախագահի տեղակալներ, ներկայումս նրանց թիվը 20-նն է: