28 հունվարի 2010 - 19:51 AMT
Սեյրան Օհանյան. Ողջ հայ ժողովուրդը միասնական հաղթական ուժ է


Հունվարի 28-ի տոնական օրն ավարտվեց հանդիսավոր համերգով` նվիրված Հայկական բանակի 18-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր ելույթում Սեյրան Օհանյանը նշել է. «Այսօր լրանում է մեր բանակի 18 տարին: Դա այն տարիքն է, երբ երիտասարդը բանակ է զորակոչվում, զինվորականի համազգեստ է հագնում, զենք է վերցնում եւ երդում տալիս հավատարիմ լինել իր Հայրենիքին: Սակայն մեր բանակն անցել է այդ ամենը իր հիմնադրման առաջին իսկ օրվանից: 1988թ. նա հավաքեց իր բոլոր ուժերն ու նվիրվեց հայրենիքի պաշտպանության գործին: Հայ զինվորի ոգին անկոտրում էր, իսկ պայքարն` ազնիվ: Եվ պատահական չէ, որ քանակով եւ տեխնիկայով մեզ գերազանցող հակառակորդը տանուլ տվեց իր բոլոր ամենակարեւոր մարտերում: Ողջ հայ ժողովուրդը միասնական հաղթական ուժ է եւ մեր անունն է Հայկական բանակ»:

Պաշտպանության նախարարը շեշտել է, որ 2010թ. լրանում է Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակը: «Մեր քաջարի հայրերի ու պապերի հաղթնակը ֆաշիստների հանդեպ հաղթողի ոգին սերմանեց մեր մեջ: Եվ այդ տրամադրվածությամբ մենք հաղթեցինք Արցախյան պատերազմում»,-ասել է Ս.Օհանյանը:

Նրա ելույթից հետո բեմ դուրս եկան հայ էստրադայի աստղերը, պարային համույթներ, նվագախմբերն ու երգչախմբերը:

1991թ-ից կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (Նախարարների խորհրդին կից): 1992թ. հունվարի 28-ին կայացվեց պատմական որոշում` «ՀՀ պաշտպանության մասին», որով օրինականացվեց Հայոց ազգային բանակի ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ռազմա-օդային ուժերից, հակա-օդային պաշտպանությունից եւ սահմանապահ զորքերից: Զինված ուժերի հրամանատարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, պաշտպանության նախարարը` Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետն է Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարարությունը ստեղծվել է 1992թ. հունվարի 28-ին: Հայկական բանակն ունի 60 000 զինվոր եւ սպա: Հայ սահմանապահները պատասխանատու են Վրաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանների անվտանգության համար, իսկ ռուսական զորքերը շարունակում են վերահսկել Հայաստանի սահմաններն Իրանի ու Թուրքիայի հետ: