1 փետրվարի 2010 - 19:13 AMT
Իրանն առաջ է քաշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տարբերակը


Լեռնային Ղարաբաղի հակամարտության հենց սկզբից Իրանը հավատում էր, որ հակամարտությունը կարող են կարգավորել միայն տարածաշրջանի երկրները: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մահոմմադ Բաղիր Բահրամին: Նրա կարծիքով, տարածաշրջանից հեռու գտնվող երկրները հետապնդում են միայն իրենց սեփական շահերը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը դիտարկում են իրենց նպատակներն իրականացնելու տեսանկյունից: «Այս տեսակետից, հակամարտող կողմերը պետք է խնդրի լուծման որոշումն ինքնուրույն կայացնեն», - նշել է նա:

Միեւնույն ժամանակ, դեսպանը նշել է, որ Իրանը տարբեր պատճառներով հակամարտության կարգավորման հարցի քննարկման վրա դրականորեն ազդելու պայմաններ ունի: «Իրանը հակամարտության գոտու ամենամոտ երկիրն է եւ նա տեղեկացված է հակամարտության ծագման պատճառների մասին: Թեհրանը նախկինում նույնպես այդ հիմնախնդրի արդար լուծման համար գործունեություն է ծավալել», - ասել է Բահրամին:

Նրա խոսքերի համաձայն, տարածաշրջանում յուրաքանչյուր համաձայնագիր որեւէ կերպ անդրադառնալու է Իրանի վրա: «Այդ տեսանկյունից անհրաժեշտ է այդ քննարկումներին Իրանի` որպես բարյացակամ միջնորդի, մասնակցությունը», - ընդգծել է Բահրամին, ավելացնելով, որ երկիրը չի կարող անտարբեր լինել իր սահմանների մոտ տեղի ունեցող հակամարտությունների հանդեպ:

«Իրանն առաջարկում է ուսումնասիրել այն գործառույթները եւ տեսնել այն իրողությունները, որոնք նպաստում են այդ հակամարտության ձգձմանը», - ասել է նա, ավելացնելով, որ հիմնախնդիրը լուծելու համար գոյություն ունեն տարբեր նախագծեր` ընդհուպ աշխարհաքաղաքական, սակայն, ամեն դեպքում, Իրանը ցանկանում է, որպեսզի հակամարտությունը կարգավորվի փոխհամաձայնության հանգելու եւ քննարկումների միջոցով: Ընդ որում, դեսպանն ընդգծել է, որ Իրանի պայմանն այն է, որպեսզի հիմնախնդրի լուծման ժամանակ պահպանվի խղճի ազատության հարցը, հաղորդում է Trend News:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: --

Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:

Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը: