29 հունվարի 2010 - 14:49 AMT
ԼՂՀ-ում տեղի կունենա «Ադրբեջանի պետական ահաբեկչությունն ու էթնիկական զտումների քաղաքականությունը» միջազգային կոնֆերանսը


Արցախի Հանրապետությունում տեղի կունենա «Ադրբեջանի պետական ահաբեկչությունն ու էթնիկական զտումների քաղաքականությունը» միջազգային գիտագործնական կոնֆերանսը` նվիրված Շուշի քաղաքի 1920 թ. մարտի 23-ի ողբերգության 90-ամյա եւ Բաքվի ջարդերի 20-ամյա տարելիցներին:

Գիտագործնական կոնֆերանսի նպատակն է պարզել եւ գիտականորեն հիմնավորել անցյալի սխալների պատճառները, առաջարկել ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականության կանխման, ապագայում նման երեւույթների բացառման ճանապարհներ, քաղաքական գնահատական տալ 20-րդ դարում Ադրբեջանի իրագործած էթնիկական զտումներին Գանձակում, Լեռնային Ղարաբաղում ու Արեւելյան Անդրկովկասի այլ շրջաններում:

Գիտագործնական կոնֆերանսի կազմակերպիչներն են ԼՂՀ ԼՂՀ Կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը, Արցախի պետական համալսարանը, «Կաճառ» Գիտական կենտրոնը, Շուշի քաղաքի պատմաերկրագիտական թանգարանը:

Կոնֆերանսին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ փետրվարի 15-ը: Կոնֆերանսին մասնակցածների աշխատանքները կթարգմանվեն ռուսերեն ու անգլերեն լեզուներով եւ կտպագրվեն գիտագործնական կոնֆերանսի կոմիտեի վերջնական եզրակացության հիման վրա:

Շուշին քաղաք է Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): Իր բնական անառիկության շնորհիվ Շուշին Վարանդի շրջանի բնակչության համար յուրօրինակ պաշտպանական կետ է ծառայել: Հետագայում բնակավայրի շուրջը պարիսպներ կանգնեցվեցին, եւ այն ամրոցի վերածվեց: XVIII դարի երկրորդ կեսից Շուշին քաղաք-ամրոց դարձավ, իսկ XIX դարից` խոշոր առեւտրամշակութային կենտրոն: Վաղ միջնադարում ամրոցը Շիկաքար էր կոչվում: 1750-ական թվականներին մելիք Շահնազար II, որն ուրացությամբ տիրացավ Վարանդի մելիքությանը, Ղարաբաղի մնացած չորս մելիքություններին դիմադրելու համար դաշինք կնքեց թուրքական Ջեւանշիրների դինաստիայի Փանահ խանի հետ, որը Շուշիի տեղում կառուցեց իր ամրոց-նստավայրը` Փանահաբերդը: Փանահ խանը, իրեն հռչակելով Ղարաբաղի տիրակալ, խախտեց մելիքությունների միասնությունը: 1790-ական թթ. Շուշին, որն այդ ժամանակ արդեն Անդրկովկասի կարեւոր ռազմական ու քաղաքական կենտրոնն էր, պարսկական արշավանքի ենթարկվեց: Արդեն XIX դարի սկզբին Շուշին ռուս-պարսկական պատերազմի հարթակ դարձավ: 1805թ. Քյուրեքչայի պայմանագրով Ղարաբաղի խանությունը միացվեց Ռուսաստանին: 1920թ. մարտին թուրքական զորքերը տեղի մուսավաթականների հետ միասին հրդեհեցին քաղաքի հայկական թաղամասերը, ջարդեր կազմակերպեցին` սպանելով 35 հազար հայ: Նույն տարի Շուշիում Խորհրդային իշխանություն հաստատվեց: 1923թ. հունիսի 5-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի կամային որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանի ՍՍՀ-ին: 1988 թվականին սկսվեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:

Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:

1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:




Ընդհանուր առմամբ 1988-1990 թվականների էթնիկական զտումների արդյունքում Ադրբեջանից ստիպված էին հեռանալ մոտ կես միլիոն հայեր, որոնց մի մասը համալրեց Սփյուռքը, իսկ կեսից ավելին մշտական բնակություն հաստատեց Հայաստանում: