29 հունվարի 2010 - 17:19 AMT
Էդվարդ Աբրահամյան. «Հայաստանի ռազմարդյունաբերությունը «կաղում է»


«Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը «կաղում է», կարելի է ասել` ընդհանրապես չի գործում», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի նեոպահպանողական շարժման նախագահ Էդվարդ Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքերի համաձայն, ռազմարդյունաբերության զարգացումը կարող է լրջորեն նպաստել Հայաստանի տնտեսության աճին, դրանով հանդերձ կտրուկ նվազեցնել գործազրկության մակարդակը Հայաստանում: «Հայաստանի ռազմարդյունաբերության համալիր զարգացումը կարող է լուծել նաեւ «ուղեղների արտահոսքի» հիմնախնդիրը, քանի որ հայ մասնագետներն արդեն տեղական պատվերներ կկատարեն», - բացատրել է ՀՆՇ ղեկավարը:

Խոսելով ռազմարդյունաբերության մեր ունեցած պաշարների մասին, Աբրահամյանն ասել է, որ Հայաստանում այդ բնագավառի շատ մասնագետներ կան, ովքեր կամ չեն աշխատում, կամ շատ ցածր գներով վաճառում են իրենց նորարարությունները արտասահմանյան կազմակերպություններին: «Այդ բնագավառի վերելքը կարող է լուծել նաեւ հայկական բանակը զենքով ապահովելու հարցը, որը չի զիջի ժամանակակից զենքերին եւ ավելի մատչելի կլինի», - ընդգծել է Էդվարդ Աբրահամյանը:

Այս նպատակին հասնելու համար պետական մակարդակով պետք է մշակել ռազմարդյունաբերության զարգացման համակարգ, որի համար էլ լուրջ ներդրումներ կկատարեն հայ գործարարները: