29 հունվարի 2010 - 17:48 AMT
Հայաստանում կարելի է զարգացնել բարձր տեխնոլոգիաների եւ հրազենային զենքի արդյունաբերությունը


«ՀՀ ղեկավարությունը արժանի ուշադրություն չի դարձնում ռազմական արդյունաբերությանը: Ներկայում Հայաստանում գոյություն ունի ռազմական հետազոտական 20 կենտրոն, որոնցից շատերը չեն աշխատում, իսկ մի մասն էլ կատարում է արտասահմանյան կազմակերպությունների պատվերները», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի նեոպահպանողական շարժման նախագահ Էդվարդ Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքերի համաձայն, Հայաստանը չի զարգացնում իր ռազմարդյունաբերությունը, իսկ դրան հակառակ Վրաստանն ու Ադրբեջանն այդ բնագավառում մեծ շրջադարձ են կատարում: «Այսօր Վրաստանում արտասահմանյան կազմակերպությունների հետ համատեղ արտադրում են անօդաչու ինքնաթիռներ, իսկ Ադրբեջանում արդեն արտադրում են ռազմական մեքենաներ», - նշել է նա:

Աբրահամյանն ասել է նաեւ, որ Հայաստանի նեոպահպանողական շարժումը մշակում է ռազմական արդյունաբերության զարգացման ծրագիր, որը ներկայացնելու է իշխանության համապատասխան մարմիններին: «Մեր կարծիքով, Հայաստանում կարելի է արագ թափով զարգացնել հրազենային զենքի եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը», - ասել է ՀՆՇ նախագահը: