29 հունվարի 2010 - 18:16 AMT
NASDAQ OMX Արմենիա-ն ամփոփել է 2009 թ-ի արդյունքները


«Դժվարին տարի լինելով աշխարհի գրեթե բոլոր երկրների բիզնեսների համար, 2009 թվականն, այնուամենայնիվ, բավականին հաջող էր NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի համար. բորսայի որոշ հարթակներում նույնիսկ աճ է գրանցվել 2008 թվականի համեմատ», - լրագրողներին է հայտարարել NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

Այսպես, կորպորատիվ պարտատոմսերի գծով, որոնք ըստ շուկայի ցուցանիշների առաջատար ֆինանսական գործիք են հանդիսացել տարվա ընթացքում, գրանցվել է առևտրի ծավալների մոտ 4.7 անգամ ավելացում` մինչեւ 10.55 մլրդ ՀՀ դրամ, իսկ գործարքների թիվը` նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով, կազմել է 719:




Բորսայական շուկայում առևտրի առավելագույն ծավալներ են գրանցվել «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի (ELTGB2), «Շեն Կոնցեռն» ՓԲԸ-ի (SHNCB4) եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBCB1) կորպորատիվ պարտատոմսերով: 2009 թվականին բորսայում ցուցակվել է կորպորատիվ պարտատոմսերի չորս նոր թողարկում:

Բավականին ակտիվ է եղել նաեւ պետական պարտատոմսերով առևտուրը` կնքվել է թվով 191 գործարք` 2.4 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշների ավելացում է, համապատասխանաբար, 135%-ով եւ 43%-ով: ՌԵՊՈ գործիքներով առևտրի տարեկան ծավալը գերազանցել է 5 մլրդ ՀՀ դրամը (հարթակը գործարկվել է 2008թ.-ի դեկտեմբերին):

Տարվա ընթացքում արտարժույթի հարթակում կնքված գործարքների ընդհանուր ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 372.93 մլրդ ՀՀ դրամ, ինչեւ 10%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: 2009թ.-ին այս հարթակում գործարքներ են կնքվել միայն ԱՄՆ դոլարով. Եվրոյով գործարք չի կնքվել: Հարկ է նշել, սակայն, որ արտարժույթով արտահայտված առեւտրի ծավալը կազմել է 1,079 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2.4%-ով պակաս է 2008թ.-ի ծավալից:

Ինչպես եւ նախորդ տարիներին, բաժնետոմսերի բորսայական հարթակն առավել պակաս ակտիվ հարթակն է եղել: Բորսայում բաժնետոմսերով առևտրի ընդհանուր գումարը կազմել է 98 մլն ՀՀ դրամ, 2008թ.-ի համապատասխան ցուցանիշի համեմատությամբ կրճատվելով 63%-ով: Այս հարթակում առավել ակտիվ են շրջանառել «Ալմաստ» ԲԲԸ-ի (ALMS), «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի (ZHBK) եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի (ARBK) բաժնետոմսերը: 2009 թվականի տարեվերջին շուկայի կապիտալիզացիան կազմել է 53.1 մլրդ ՀՀ դրամ, 2008թ.-ի տարեվերջի համեմատ նվազելով 1.7%-ով, ինչը համեմատաբար դրական զարգացում է, հաշվի առնելով գլոբալ ֆինանսական ճգնաժամի շարունակվող ազդեցությունը: 2009թ.-ը նշանավորվեց նաև Հայաստանում իրականացված բաժնետոմսերի առաջին առաջնային տեղաբաշխմամբ (IPO). այն իրականացվեց «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից, որի բաժնետոմսերն այժմ ցուցակված և շրջանառում են NASDAQ OMX Արմենիա-ում AHEK բորսայական հապավմամբ:

2009 թվականին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) եւս շարունակեց ծառայություններ մատուցել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին: Տարեվերջի դրությամբ ՀԿԴ-ի կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը կազմել է 156,430, որոնցից 2,540-ը` 2009թ.-ի ընթացքում բացված նոր հաշիվներ են: 370-ով ավելացել է նաև ՀԿԴ-ի միջոցով իրենց արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող ընկերությունների թիվը, տարեվերջին կազմելով 1,527: Տարվա ընթացքում ՀԿԴ-ն նաև համագործակցել է ՀՀ Կառավարության հետ` կենսաթոշակային նոր համակարգի ներդրման նախապատրաստման ուղղությամբ, եւ այս համագործակցությունը կշարունակվի 2010թ.-ին:

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում եւ առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, եւ ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաեւ ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում եւ կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի� հունվարին�սկանդինավյան�երկրներում� գործող OMX բորսայական�օպերատորը�ձեռք� է�բերել�Հայաստանի�Ֆոնդային� Բորսայի�(ՀՖԲ)�եւ�Հայաստանի�Կենտրոնական� Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի եւ OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի եւ ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

27.01.2009թ.-ից� «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: �