29 հունվարի 2010 - 20:31 AMT
ՀՀ ԱԺ-ում քննարկվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրինագիծը


Հունվարի 29-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արարատ Մալխասյանը տեղեկացրեց, որ ՀՀ Սահմանադրության պահանջներից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել ընդունել օրենք, որով կկարգավորեն արտակարգ դրության իրավական ռեժիմի եւ արտակարգ դրության ժամանակ ՀՀ-ում մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումների հետ կապված իրավահարաբերությունները:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը ժամանակավոր միջոցառում է, որը հայտարարվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին եւ այդ վտանգի վերացումն անհնարին է առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց եւ կազմակերպությունների` սույն օրենքով նախատեսված առանձին հիմնական իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների:

Նախագծով սահմանվում է արտակարգ դրություն հայտարարելու կարգը, արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը, արտակարգ դրության գործողության ժամկետը, արտակարգ դրության դադարման հիմքերը, արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ժամանակավոր սահմանափակումները, Արտակարգ դրություն հայտարարված տարածքում պետական հատուկ կառավարման մարմինները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը, արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցների եւ ժամանակավոր սահմանափակումների սահմանները, արտակարգ դրության գործողության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները, Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները, պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման կարգը, արտակարգ դրությունը դադարած հայտարարելու իրավական հետեւանքները, արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը եւ այլն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովը հետաձգեց «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին« ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկումը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: