1 փետրվարի 2010 - 15:43 AMT
Ղարաբաղյան հակամարտության «ապասառեցումը» տեսանելի ապագայում անհնար է


Ղարաբաղյան հակամարտության «ապասառեցում» տեսանելի ապագայում հնարավոր չէ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Մեկնաբանելով Ադրբեջանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան կարգավորման հարցում` Իսկանդարյանն ասել է, որ Իրանի միջնորդությունն իրական չէ: «Իրանը ԵԱՀԿ անդամ չէ, անհնար է պատկերացնել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կլուծարվի, որպեսզի Թեհրանը միջնորդ դառնա: Հակամարտության կարգավորման ձեւաչափի փոփոխությունն անհնար է»,-ասել է Իսկանդարյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Իսկանդարյանն ասել է, որ չի կարծում, թե հայկական կողմը կզոհաբերի Ղարաբաղը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ընդ որում, նա նշել է, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ապա ողջ Հարավային Կովկասը կփոխվի:

«Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողվի, ձեւականորեն հարաբերություններն երկրների միջեւ չեն վատթարանա, քանի որ մենք դիվանագիտական հարաբերություններ Անկարայի հետ չունենք, սակայն քաղաքական ոլորտում լուրջ ճգնաժամ կլինի»,-ասել է Իսկանդարյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: