1 փետրվարի 2010 - 15:17 AMT
Հայ-թուրքական գործընթացում Անկարան փորձում է ցեյտնոտ ստեղծել


Թուրքիան իր հայտարարություններով եւ գործողություններով փորձում է առաջիկա ամիսներին ցայտնոտային իրավճակ ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Եթե Անկարան ժամանակային առումով չկարողանա իր նպատակներին հասնել, նա «ցուգցվանգ» կկիրառի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ` գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդհանուր վիճակը:

«Ցանկացած գործողություն Թուրքիայի կողմից ավելի կբարդացնի Անկարայի իրավիճակը: Թուրքական կողմի հայտարարություններն Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին, ինչպես եւ կարելի էր ակնկալել, աջակցություն չստացավ գերտերությունների կողմից: Դա վկայում է այն մասին, որ այժմ Թուրքիայում որոշակի հիասթափություն է տիրում»,-հայտարարել է պատմաբանը:

Նրա խոսքերով, հիասթափության պատճառներից մեկն այն էր, որ Թուրքիան ու նրա դաշնակիցները հասկացան, որ առաջիկայում հայկական կողմից չի կարելի զիջումներ ակնկալել <b>ղարաբաղյան կարգավորման</b> հարցում: Բացի այդ, թուրքական կողմը սպասում էր, որ դա կխարխլի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչն, ըստ Դեմոյանի, տեղի չունեցավ:

«Թուրքիան հիանալի հասկանում է, որ սահմանի հարցում նա չի կարող ավելին ակնկալել Հայաստանից, քան կա ըստ պարտավորությունների, որոնք Հայաստանը ստանձնել է միջազգային պայմանագրերով: Այն քարոզչական թեզը, որի համաձայն Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից, չաշխատեց եւ դա Թուրքիայում հասկացան»,-ասել է Դեմոյանը: Ինչպես նշել է փորձագետը, բոլորն են ականտես լինում նրան, թե որքան դժվար է Անկարայի համար կորցնել Ադրբեջանը, այլ ոչ թե որքան դժվար է Թուրքիայի համար բացել սահմանն ու հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Անդրադառնալով Անկարայի արձագանքին ՀՀ ՍԴ որոշմանը` Դեմոյանը հայտարարել է, որ Թուրքիան կրկին քայլեր կձեռնարկի, «դեմքը փրկելու» համար:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:

«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: