1 փետրվարի 2010 - 15:13 AMT
Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա


Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ շինարարական աշխատանքներին մասնակից կլինեն տարբեր ոլորտներ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ելույթ ունենալով ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանում:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ՀՀ ԱԺ-ից, նախարարն ասել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դոլար է կազմում, իսկ իրականացման ժամկետը 10-15 տարի է: Ընդ որում նա հավելել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է Հայաստանին շուրջ 500 մլն դոլար տրամադրել, ուստի Հայաստանը պետք է լրացուցիչ ներդրողների ներգրավի նախագիծն ամբողջությամբ իրականացնելու համար: Բացի այդ, ըստ նախարարի, ստացված վարկային միջոցները կարտացոլվեն հանրապետության արտաքին պետական պարտքում, որի վերաբերյալ խորհրդարանականները կասկածներ հայտնեցին, թե որքանով է դա արդարացված: Իր հերթին նախարարը նշել է, որ նախարարության հետազոտությունները վկայում են այն մասին, որ վարկային միջոցները տրամադրվում են Հայաստանին արտոնյալ պայմաններով, իսկ շինարարության նախագիծը կխթանի տնտեսական աճը երկրում` տարեկան բերելով 15-16 մլն դոլար եկամուտ:

2010թ. փետրվարի 1-ին Երեւանում աշխատանքն է սկսել ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը:

2010թ. հունվարի 29-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը Գագիկ Մինասյանի գլխավորությամբ դրական եզրակացություն է տվել երկու համաձայնագրերի վերաբերյալ` Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանն ուղղված Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագրին եւ «Շրջանակային համաձայնագիրը ՀՀ-ի եւ ԱԶԲ-ի միջեւ»:

Համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանին 60 մլն դոլարի դրամական փոխանցում հատկացնել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման նպատակով: Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը կձգվի Մեղրի-Երեւան-Գյումրի-Բավրա երթուղով: Առաջին փուիլով նախատեսվում է բարձրակարգ ճանապարհով միացնել ՀՀ մայրաքաղաքը Գյումրիի հետ: Այս նախագծի նպատակն է միացնել երկրի հյուսիսն ու հարավը որակյալ ճանապարհով` ելք ապահովելով դեպի միջազգային շուկա, ակտիվացնելով ինչպես առեւտուրը, այնպես էլ զբոսաշրջությունը, ինչը թույլ կտա Հայաստանին տարանցիկ պետություն դառնալ: