1 փետրվարի 2010 - 14:43 AMT
Երեւանում կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթին Ադրբեջանին կփոխարինի Ուզբեկստանը


Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց մասնակցել փետրվարի 13-14 Երեւանում կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթին: Այդ մասին դեռեւս հունվարի 23-ին հայտնեց Ադրբեջանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Նամիկ Ալիեւը: «Իսկ ինչ վերաբերում է մերժման պատճառներին, ապա մենք ցանկանում ենք, որպեսզի մեր մարզիկներն ավելի լավ պատրաստվեն Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Բաքվում»,- ավելի վաղ հայտնել էր Ալիեւը:

Աշխարհի գավաթի խաղարկության ԶԼՄ հետ աշխատանքի գծով պատասխանատու Էդուարդ Քալանթարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ Հայաստանի Ֆեդերացիան արդեն պաշտոնական հաստատում է ստացել FILA-ից (Ըմբշամարտի Միջազգային Ֆեդերացիա) այն մասին, թե ով կփոխարինի Ադրբեջանի հավաքականին: «Շվեդիայի, Դանիայի եւ Ուզբեկստանի հավաքականներից FILA-ն ընտրեց Ուզբեկստանի հավաքականը, որը եւ կփոխարինի Ադրբեջանի հավաքականին»,- ասաց Քալանթարյանը:

Աշխարհի Գավաթը տեղի կունենա փետրվարի 13-14 Երեւանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կմասնակցեն աշխարհի 8 ուժեղագույն հավաքականները` Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Կուբան, Հունգարիան, Ուզբեկստանն ու Թուրքիան: