1 փետրվարի 2010 - 13:57 AMT
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը դարձել է Թուրքիայի ներքին գործը


Հայաստանում Թուրքիան ընկալվում է որպես միասնական քաղաքական սուբյեկտ եւ համարվում է, որ ընդունված որոշումներն ու հայտարարությունները համաձայնեցված են, սակայն իրականում այդպես չԷ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարության վերաբերյալ այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ի սկզբանե անհաջող ընթացք ստացավ: Ըստ նրա, Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը դարձել է Թուրքիայի ներքին գործը, որի շուրջ անընդհատ վեճեր են գնում: «Դրա համար նույիսկ հայերը հարկավոր չեն»,-ասել է Իսկանդարյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ Անկարայի հայտարարությունները հաճախ հակասում են միմյանց, ինչը վկայում է երկրում ներքին լարվածության մասին: «Թե ինչով կավարտվի այս գործընթացը, հայտնի չէ»,-ասել է Ա.Իսկանդարյանը:

Ընդ որում մեկնաբանելով հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի վերականգնման հնարավորությունը` Իսկանդարյանն ասել է, որ չի կարծում, թե դա իրական է, քանի որ դա կարող է ձգձգել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: