30 հունվարի 2010 - 18:30 AMT
Դոնեցկում կայացած միջազգային առաջնությունում հայ բռմցքարտիկները 6 մեդալ նվաճեցին


Հունվարի 29-ին Դոնեցկում (Ուկրաինա) ավարտվեց բռնցքամարտի երիտասարդական միջազգային առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հավաքականները:

Հայ բռնցքամարտիկներից երկու մասնակից դուրս եկան եզրափակիչ եւ երկուսն էլ պարտվեցին: Կորյուն Սողոմոնյանն (48կգ ք/կ) ու Հրայր Մաթեւոսյանը (57կգ ք/կ) արծաթե մեդալակիր դարձան: Իսկ Նարեկ Աբգարյանը (51կգ ք/կ), Հովհաննես Բոչկովը (54կգ ք/կ), Կարեն Տոնականյանը (60կգ ք/կ) եւ Սամվել Հարությունյանը (75կգ ք/կ) բրոնզե մեդալներ նվաճեցին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը, փետրվարի 16-ին բռնցքամարտիկները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: «Ապրիլի 3-ին մենք միջազգային մրցաշար ունենք Վիլնյուսում, իսկ ապրիլի վերջին կմեկնենք Բաքու, որտեղ տեղի կունենա աշխարհի առաջնությունը»,- ասաց Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է, եւ Սինգապուրի երիտասարդական Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվելու:

Բռնցքամարտը սպորտի կոնտակտային տեսակ է, տեւում է 3-ից 12 ռաունդ: Հաղթանակը տրվում է, եթե մրցակիցն ընկած վիճակում է եւ չի կարողանում վեր կենալ տասը վայրկյանի ընթացքում (նոկաուտ) կամ եթե վնասվածք է ստացել, որը թույլ չի տալիս շարունակել մենամարտը (տեխնիկական նոկաուտ): Եթե ռաունդների սահմանված քանակից հետո մենամարտը դեռեւս չի դադարեցվել, ապա հաղթողը որոշվում է մրցավարների տված միավորներով:

Սիրողական բռնցքամարտում կա մրցակցի դեմքին ուղիղ հարվածներ հասցնելու համար տրվող միավորների հաշվման համակարգ: Օլիմպիական խաղերում եւ Համագործակցության խաղերում մենամարտը բաղկացած է 4 ռաունդներից` 2-ական րոպե տեւողությամբ, իսկ Սիրողական բռնցքամարտի ասոցացիայի կողմից անցկացվող մրցություններում` 3 ռաունդից` 2-ական րոպե տեւողությամբ: Ռաունդների միջեւ ընդմիջումը 1 րոպե է: