7 փետրվարի 2010 - 15:59 AMT
Ջավախահայության խնդիրների մի մասը կարելի է լուծել` շրջանում ՀԱԵ առանձին թեմ բացելով


Հայաստանի Նոր ազգային պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեն նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հայոց Սամցխե-Ջավախք-Ծալկա երկրամասը, որ սովետական հակահայ քաղաքականության պատճառով այժմ գտնվում է Վրաստանի կազմում, հայտնվել է հոգեւոր շրջափակման մեջ: Վրացական իշխանություններն ամեն ինչ անում են վաղնջական ժամանակներից մեր հայրենի բնօրրանը եղած Ջավախք աշխարհը հայաթափելու համար: Եւ հայկական կողմի համապատասխան քայլերի բացակայությունն ավելի է հեշտացնում նրանց խնդիրը»:

Ինչպես ասվում է նամակում, Ջավախքում հայ հոգեւորականների պակասը բերում է նաեւ մի շարք պատմաճարտարապետական արժեքների` եկեղեցիների, վանքերի, հոգեւոր համալիրների լքմանն ու ոչնչացմանը, իսկ դրանցից լավագույնները արագորեն բռնազավթվում են վրացի հոգեւորականների կողմից: «Վրաստանի անկախացումից ի վեր «վերականգնման» պատրվակով վրացականացվել եւ ոչնչացվել են մոտ երեք տասնյակ եկեղեցիներ: Մենք գտնում ենք, որ վերոհիշյալ խնդիրները որոշ չափով կմեղմվեն միայն այն ժամանակ, երբ Ջավախքը ոչ թե գտնվի վիրահայոց թեմում, այլ ունենա իր առանձին հոգեւոր թեմը»,- նշվում է նամակում:

Ջավախքը հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեզների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը: 1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը: Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը` Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) վարչական անկախ Կաթողիկոսություն է: Կիլիկիո կաթողիկոսը ղեկավարում է Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի եւ ԱՄՆ-ի թեմերը: 1080 թ-ն Կիլիկիայուն հայկական պետության ստեղծումով, այնտեղ տեղափոխվեց Ամենայն հայոց կաթողիկոսի աթոռը: 1147 թ-ց Հայոց կաթողիկոսի նստավայրը գտնվում էր Հռոմկլայում, իսկ 1282 թ-ց` Սիսում: Կիլիկիայի թագավորության տապալումից հետո, 1441 թ-ն :Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռը վերադառնում է Սուրբ Էջմիածին: Կիլիկիայի վերջին կաթողիկոս Գրիգոր IX-ը (1439-1441) հիվանդության եւ ծերության պատճառով չկարողացավ Կիլիկիայից տեղափոխվել Էջմիածին, սակայն հանձնարարեց Եկեղեցիական Ազգային ժողովին ընտրել նոր կաթողիկոս: Կաթողիկոս Գրիգոր IX-ը շարունակում էր ապրել Կիլիկիայի մայրաքաղաք` Սիսում: Նրա մահից հետո Կիլիկիայի սահմանների շրջանակներում ստեղծվեց Մեծի Սանն Կիլիկիո Կաթողիկոսությունը: Քանի որ ՀԱԵ-ու գլխավոր Էջմիածնի աթոռը տարածքային առումով գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ, Օսմանյան կայսրությունում միլեթների ձեւավորման հետ մեկ տեղ, 1461 թ-ն ստեղծվում է ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որին ենթարկվում են Թուրքիայի բոլոր համայնքները: Այսպիսով, Կիլիկիո եւ Աղթամարի կաթողիկոսները, հոգեւոր աստիճանով ավելի բարձր դասվելով քան Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը, վարչականորեն գտնվում էին նրա ենթակայության տակ: Կիլիկիայում 1920 թ-ի Հայոց ցեղասպանությունից հետո, Կիլիկիո կաթողիկոսի աթոռը 10 տարվա ընթացքում տեղափոխվում էր տեղից տեղ: Եվ 1930 թ-ն հաստատվեց Անթիլիասում, որտեղ գտնվում է մինչ օրս: