13 փետրվարի 2010 - 14:25 AMT
Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման շեմին ԱՄՆ հայ համայնքում տարաձայնություններ են առաջացել


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ցանկանում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը մասնակցի այնպիսի պատվիրակություն, որն ամբողջական պատկերացում կտա հայ համայնքի մոտեցումների ու տրամադրությունների մասին:

«Հենց այդ ոգով է ANCA-ն հետեւողականորեն աշխատել հայ-ամերիկյան երկխոսության ամրապնդման համար ԱՄՆ-ի առաջնորդների հետ: Մենք ինքներս մեզ համար չենք աշխատում, այլ բոլոր առաջատար կազմակերպությունների համար, որոնք ներկայացնում են մեր համայնքը»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ: Կոմիտեն ափսոսում է, որ վերջին իրադարձությունները ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման շուրջ ցույց տվեցին, որ որոշ ուժեր, որոնք ձգտում են խոսել հայ համայնքի անունից, չեն կիսում հավատը համայնքի հավատարմության եւ սթափ մտածողության հանդեպ:

«Անհարկի ու անարդյունավետ վեճերն այդ հանդիպման շուրջ գոնե կօգնեն մեր համայնքին տեսնել զգալի տարբերությունը ANCA-ի ու Ամերիկայի հայկական համագումարի միջեւ, որոնք արտահայտում են սկզբունքորեն տարբեր մոտեցումները քարոզչության հարցում»,-ասվում է հայտարարության մեջ: ANCA-ն ընդգծում է, որ նա հանդես է գալիս որպես համապարփակ կազմակերպություն, որը մասնակցում է հայ համայնքի ընդհանուր արժեքների շուրջ փոխիջման ձեջավորմանը եւ միավորում է մարդկանց անկախ նրանց կրոնական պատկանեկլությունից, իսկ ԱՀՀ-ն, ներկայացնում է փոքր ու գնալով առավել մեկուսացող մի շրջանակ, որը հիմնականում հավաքվել է մեկ հիմնական բարերարի շուրջ:

«Մենք հասկանում ենք, որ մեր համայնքը զորանում է միայն բաց երկխոսության դեպքում»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումն Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որ կայանալու էր փետրվարի 9-ին, հետաձգվել է անորոշ ժամկետով: Սպիտակ տան ներկայացուցիչը հաղորդել է, որ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, հետաձգվել է Վաշինգտոնում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ խորհրդակցությունների մասին առաջարկությունն ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությունն էր: Հանդիպմանը մասնակցելու համար հրավիրվել են Ամերիկայի Հայկական համագումարը, Հայ ընդհանուր բարեգործական միությունը, ԱՄՆ-ի Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան եւ Արեւմտյան թեմերը, «Վարդանի ասպետները» կազմակերպությունն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: