8 փետրվարի 2010 - 15:41 AMT
Վարդան Մինասյան. Ադրբեջանի հավաքականն ինքն է հրաժարվել խաղալ մեր թիմի հետ 2006 թվականին


Ինչպես գրում է ադրբեջանական apasport.az-ը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար <b>Վարդան Մինասյանն</b> ասել է, թե «մենք պատրաս չենք Ադրբեջանի հետ մրցակցության: Անցած անգամ, երբ մենք հայտնվեցինք նույն խմբում, ոչ մի լավ բան չստացվեց, քանի որ դեռ վաղ է հանդես գալ նույն խմբում»:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է Վ.Մինասյանը, նա հարցազրույց է տվել ռուսական sposrt-express-ին. «Ես ասացի, որ մեր հավաքականները չեն կարող խաղալ, ելնելով քաղաքական հարաբերություններից: Դեռ 2006թ. մենք հայտնեցինք նույն խմբում եւ այն ժամանակ Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց խաղալ մեզ հետ, քանի որ ՀՀ հավաքականը Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ նրանցից ուժեղ էր»,-ասել է Մինասյանը:

Եվրո-2008-ի ընտրական փուլում Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները վիճակահանության արդյունքում հայտնվեցին նույն խմբում, սակայն չխաղացին, քանի որ Ադրբեջանը հրաժարվեց ապահովել հայ ֆուտբոլիստների անվտանգությունը: Այդպիսով, հավաքականները միավորներ կորցրեցին:

ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի նախագահներ Միշել Պլատինին ու Զեպ Բլատտերը Երեւանում հայտարարեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը, լինելով հակամարտող երկրներ, չեն կարող խաղալ նույն խմբում: