12 փետրվարի 2010 - 22:42 AMT
Շիրակի մարզի անտառվերականգնման համալիր ծրագրերը կշարունակվեն


Փետրվարի 12-ին կառավարությունում տեղի է ունեցել <b>ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի</b> (ՀՀԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստ,րը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստում քննարկվել եւ հաստատվել է ՀՀԱՎԶՀ գործադիր տնօրենի 2009 թ. գործունեության հաշվետվությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, խորհրդի մասնակիցների հավանությանն են արժանացել հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի կողմից ներկայացված առաջարկությունները` «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ գոտու վերականգնման եւ ՀՀ կառավարության կողմից հաստատված Շիրակի մարզի անտառվերականգնման համալիր ծրագրերը շարունակելու վերաբերյալ: Նշվածներից առաջին` «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ գոտու վերականգնման» ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2007-2008 թվականներին. 13 հեկտարի վրա 4,2 կմ ջրագծի կառուցման համար ծախսվել է 24,5 մլն դրամ: 2009 թ. իրականացվել է երկրորդ փուլը, որի շրջանակներում 15 հեկտարի վրա կառուցված 4,6 կմ ջրագծի վրա ծախսվել է 30 մլն դրամ: Հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված ծրագրի երրորդ փուլն իրականացվելու է 2010 թվականին. նախատեսվում է ոռոգման ցանցի վերակառուցում 20 հեկտար կանաչ գոտու ոռոգման համար` 28,7 մլն դրամ արժեքով:

Ըստ երկրորդ ծրագրի, ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 20-ի N15 արձանագրային որոշման համաձայն` 2007-2009 թթ. Շիրակի մարզում 175,0 հեկտարի վրա պետք է իրականացվեին անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ: Ծրագրի իրականացման ուղղությամբ 2008 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվերով տարածքում կառուցվել է ոռոգման համակարգ եւ ցանկապատ: Նիստում որոշվել է 22,8 մլն դրամ տրամադրել Շիրակի մարզի անտառվերականգնման համալիր ծրագրի շարունակման շրջանակներում 25 հեկտար տարածքի անտառապատման եւ ցանկապատման համար: