12 փետրվարի 2010 - 21:52 AMT
Հայաստանն ու Լեհաստանը մտադիր են շարունակել քաղաքական երկխոսությունը


Փետրվարի 11-ին Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-երի միջեւ: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ փոխնախարար <b>Կարինե Ղազինյանը</b>, լեհական կողմից` Լեհաստանի ԱԳ փոխնախարար Անջեյ Կրեմերը:

Օրակարգում ընդգրկված էին մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ` տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, ԵՄ Արեւելյան գործընկերության իրականացմանը վերաբերող խնդիրներ:

ՀՀ ԱԳ փոխնախարարը մանրամասնորեն ներկայացրեց վերոհիշյալ հարցերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներն ու ակնկալիքները:

Իր հերթին Լեհաստանի փոխարտգործնախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները:

Խորհրդատվություններին քննության առնվեց առաջիկայում Լեհաստանի վարչապետի Հայաստան կատարելիք այցի օրակարգը:

Խորհրդատվությունների մասնակիցներն անդրադարձան ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացմանն առնչվող հարցերին:

Հանգամանալից քննարկում ծավալվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Լեհական կողմը բարձր գնահատեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերը`զորակցություն եւ աջակցություն հայտնելով դրանց:

Նույն օրը Լեհաստանի Նախագահի նստավայրում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը հանդիպեց ԼՀ
Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու, պետքարտուղար Մարյուշ Հանցլիգին:

Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց բարձաստիճան այցերի կազմակերպումը` քաղաքական երկխոսության շարունակականությունն ապահովելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: