12 փետրվարի 2010 - 19:16 AMT
CARD-ում տեղի է ունեցել Հայկական սննդամթերքի կատալոգի շնորհանդեսը


2010 թ. փետրվարի 12-ին <b>Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնում (CARD)</b> տեղի ունեցավ Հայկական սննդամթերքի կատալոգի շնորհանդեսի պաշտոնական արարողությունը:

PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում կենտրոնի տնտեսագետ -խորհրդատու Արմեն Հարությունյանը հայտնել է, որ կատալոգը պատրաստվել է 2009 թ. վերջին: Այն ընդգրկում է տեղեկատվություն` մեծ թվով հայկական սննդամթերքի եւ հայ արտադրողների մասին: Կատալոգը տպագրվել է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ու ԱՄՆ-ի գյուղ. գործակալության ֆինանսավորմամբ: Ա. Հարությունյանի խոսքերի համաձայն, թողարկվել է 1000 տպօրինակ եւ 1000 CD, նաեւ պատրաստվել է կատալոգի էլեկտրոնային տարբերակը, որը ներկայացված է CARD կենտրոնի էլեկտրոնային էջում:

Տնտեսագետ -խորհրդատուն տեղեկացրեց, որ Հայկական սննդամթերքի առաջին կատալոգը լույս է տեսել 2003 թ., այնուհետեւ պարբերաբար հրատարակվել է: Նա ասել է, որ կատալոգը առաքվում է միջազգային շահագրգիռ կազմակերպություններին եւ փորձագետներին, մասնավորապես`դեսպանատների միջոցով:

Արմեն Հարությունյանը նշել է, որ կատալոգում ընդգրկված են 46 հայ արտադրողներ եւ ավելի քան 230 տեսակի սննդամթերք: Այն մի քանի բաժիններ ունի` կաթնամթերք, գինիներ, վերամշակված մրգեր եւ բանջարեղեն, չրեղեն եւ մսամթերք: «Կատալոգի վերջում նշված են այն ընկերությունների տվյալները, որոնց հետ շահագրգիռ կողմերը կարող են կապ պահպանել», - ավելացրել է նա: